Հունգարիայի ընտրություններում Վիկտոր Օրբանի պարտությունը պետք է ազդանշան դառնա առաջին հերթին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության, այլ ոչ թե հանրապետականների համար։ Այսպիսի եզրակացության է հանգել Politico պարբերականը։

Պարբերականի դիտարկմամբ՝ Պետեր Մադյարի հաջողությունը համաշխարհային նոր թրենդի մաս է, ըստ որի քաղաքական «աուտսայդերները», զրոյից կուսակցություններ հիմնելով կամ հին համակարգերը ներսից քանդելով, հերթով տապալում են տասնամյակների պատմություն ունեցող վարչակարգերը։ Politico-ն այս շարքում դասում է Էմանուել Մակրոնին, Խավիեր Միլեյին, Մարկ Քարնիին և հենց Թրամփին։ Ըստ հոդվածի՝ ԱՄՆ ներկայիս նախագահի մրցակիցների թվում չկա որևէ մեկը, որն իր ազդեցությամբ ու մասշտաբով կարողանա հավասարվել նրանց։

Ըստ Politico-ի՝ դեմոկրատները հետևողականորեն ընտրել են հակառակ ճանապարհը՝ խաղադրույք կատարելով վերահսկելի առաջադրումների, հաստատված կարգուկանոնի և շահագրգիռ խմբերի հետ փոխզիջումների, այլ ոչ թե համարձակ գաղափարների վրա։ Այս մոտեցման արդյունքը եղան Հիլարի Քլինթոնը 2016-ին, Բայդենը՝ 2020-ին և Հարիսը՝ 2024-ին։ Սրանք թեկնածուներ են, որոնց առաջադրումն անցավ առանց ներկուսակցական իրական պայքարի նշույլի։

Պարբերականն ընդունում է, որ ամերիկյան քաղաքական համակարգը շատ ավելի դիմացկուն է ցնցումների նկատմամբ, քան հունգարականը։ Այդուհանդերձ, Թրամփն արդեն իսկ ապացուցել է, որ հին կուսակցությունը հնարավոր է զավթել հենց ներսից։