«Բաքուն սկսել է հերթական „Փոթորիկ մի բաժակ ջրում“ օպերացիան: Նախագահից հետո հիմա էլ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն է իր լեհ գործընկերոջ հետ հանդիպմանը սպառնում ուժով լուծել հակամարտությունը: Միեւնույն ժամանակ, Բաքվում վաղուց պետք է հասկանային, որ նման կասկածելի հայտարարություններով ղարաբաղցիներին վախեցնել հնարավոր չէ»,- հայտարարել է «ԼՂՀ ճակատային լրագրողների լիգա» կազմակերպության համակարգող Գեորգի Ղազարյանը:
«Ամենայն հավանականությամբ, 8 միլիոնանոց Ադրբեջանում արդեն մոռացել են, որ 1992թ., երբ իրենք Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ բնակչությանը պարտադրեցին դաժանագույն պատերազմ, ուժերի դասավորությունն ու ռազմական պոտենցիալը մոտավորապես նույնն էր: Ինչով այն ավարտվեց, գիտենք բոլորս: Իսկ այսօր ԼՂՀ պաշտպանական բանակն ավելի մարտունակ եւ կազմակերպված է, քան 1992-94թթ.: Պաշտոնական Բաքուն պետք է հասկանա, որ կրելու է ողջ պատասխանատվությունը ռազմական հակամարտության ապասառեցման դեպքում, եւ առաջին հերթին սեփական ժողովրդի առջեւ»,- նշեց համակարգողը:
Նրա խոսքով, «Բաքվի արտաքին քաղաքական ագրեսիվությունն օգտագործվում է ուշադրությունը շեղելու համար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության ներկայացուցիչների՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ կոռուպցիայի հետ կապված ներքաղաքական խնդիրներից»: «Մյուս կողմից, նման հռետորաբանությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ մի պետության շրջանակներում չի կարող գոյատեւել»,- ամփոփեց Գեորգի Ղազարյանը:




























