Ոստիկանության ծառայողները, փետրվարի 21-ի երեկոյան, գողություն կատարելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մերձակայքից բերման են ենթարկել 31-ամյա Արթուր Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. սեպտեմբերին Անդրանիկի փողոցի թիվ 44 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջեւի դուռը բացելով՝ սրահից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանները պարզել են նաեւ, որ Արթուր Ե.-ն կատարել է համանման մի շարք գողություններ եւս: Այսպես.
- 2011 թ. հոկտեմբերին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 44/4 շենքի բակում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ռադիոկապը` պատճառելով 125.000 դրամի նյութական վնաս,
- 2011 թ. հոկտեմբերին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի բակում կայանված «Ֆիատ-դուկատո» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է հեռուստացույց` պատճառելով 30.000 դրամի նյութական վնաս:
- 2011 թ. դեկտեմբերին Շերամի փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի տարանցիկ ավտոմեքենայի հետեւի ձախ կողային ապակին հանելով՝ գողացել է 140.000 դրամի ապրանքներ,
- ս/թ հունվարին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի բակում կայանված «BMV X-5» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:



























