Մեր երկիրը փոքր երկիր է, և յուրաքանչյուր կարող ուժ, կարող մարդ ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի ձևով համագործակցել է ինչ-որ իշխանության հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով իշխանությունների մեղադրանքին, որ «Ուժեղ Հայաստանի» թիմը նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմն է։
«Եթե դուք տեսնեք, մեր մեր ցուցակում կան նաև ժամանակին ՔՊ-ին վստահած և դուրս եկած մարդիկ։ Այսինքն սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սամվել Կարապետյանը միասնության կողմնակից է, այսինքն անկախ նրանից՝ որ իշխանության հետ է անձը աշխատել, եթե մաքուր է, եթե չունի պրոբլեմ, չունի խնդիր, միանշանակ կարող է լինել մեր թիմում՝ ուժեղ Հայաստան կառուցելու գործում։
Այդ դեպքերում, որ խոսում են, ընդամենը պետք է հարցնել՝ ի՞նչ ունեք այդ մարդկանց հետ այո, ժամանակին եղել է այնտեղ, այսօր այստեղ է, ո՞րն է խնդիրը, պայքարող տեսակ է։ Թող բերեն առարկայական ներկայացնեն, որ «Ուժեղ Հայաստանի» թիմում կա մարդ, որը յուրացում է արել, որը պետական դավաճանություն է գործել իրենց պես»,–ասաց Ղազինյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ տասը ամիս տևած քննությունից հետո այսօր՝ ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:
Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։
Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։





























