«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Ինչու ենք հիմա տեղադրում
Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։
Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։
Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ խոսքը Տիգրան Պասկևիչյանի Հանրային հեռուստաընկերության պատվերով ստեղծված «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի մասին է։ Դատարանը բավարարել էր ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը։
Այս առնչությամբ Պասկևիչյանն ասել էր. «Իրենք համարում են, որ չի կարելի ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 88-ի շարժումից մինչև անկախության հռչակումը։ Ասում են՝ մենք փող ենք տվել, մենք էլ առել ենք»։
Հանրայինի հայցի հիմքում եղել է 2025-ի մայիսի 2-ին ֆիլմի ցուցադրությունը
Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում։
Ավելի վաղ հեղինակը Հանրային հեռուստաընկերությանն ուղղված նամակում ֆիլմը այլ հարթակներում ցուցադրելու հնարավորություն էր խնդրել։ Պատասխան չէր ստացել։
Պասկևիչյանի խոսքով՝ անկախ գրաքննությունից՝ նոր ցուցադրություններ լինելու են։





























