Այսքան տարի ինչի համար դուք չէիք գալիս մեր տաճար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց եզդի կինը։

Փաշինյանը պատասխանեց. «Չեք հրավիրել», ինչին կինն արձագանեց. «Պետք է հրավիրեի՞նք, չէ՞ որ դուք երկրի ղեկավար եք, ամեն տարի պետք է գայիք»։

Փաշինյանն ասաց, որ ինքը ժամանակ առաջ աշխատանքային հանդիպում է կազմակերպել և նշել, որ հայերն ու եզդիներն ապրում են իրար հետ, բայց բավարար չափով իրար չեն ճանաչում. «Ես պարոն Բաքոյանին ասացի՝ եթե դա ընդունելի կլինի մեր համայնքի համար, կգամ։ Որովհետև այնուամենայնիվ ես չեմ համարում որ ես կարող եմ առանց հրավերի գալ, մտնել տաճար, որովհետև սա սրբավայր է և մարդկանց զգացմունքների հետ պետք է հաշվի նստել։ Երբ հրավեր է եղել, առաջին իսկ պատեհ առիթի դեպքում, ես այդ հրավերը ընդունել եմ, երբ լիներ հրավերը, այդ հրավերը ես կընդունեի։

Ես Հայաստանի առաջին ղեկավարը, որ այցելում է, և դա էլ է շատ, ես մտածել եմ, որ եթե մինչև հիմա դա չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա»։

Եզդի կինը հարցրեց. «Մի հատ հարց տամ, անկեղծ կպատասխանեք, սա կապված է ուղղակի ընտրությունների հե՞տ, թե ոչ»։

Փաշինյանը պատասխանեց. «Մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի և եղբայրների կողմից շատ բարձր վստահության քվե ենք ստացել առանց այցելությունների։

Դուք կարող եք տեսնել, թե վերջին տարիներին մենք եզդիաբնակ համայնքներում ինչպիսի ներդրումներ ենք կատարել, մենք ճանապարհներ ենք կառուցել, որ 40 տարի և ավել չեն եղել։ Ես առաջին անգամ եզդիական բնակավայրեր եմ այցելել և մենք նաև արագյաց խոշորացված համայնքում մեծ ներդրումներ ենք արել»։

Եզդի կինը նաև հարց բարձրացրեց, որ իրենց գյուղում՝ Արշալույսում, եզդիների տները վաճառում են անօրինական ձևով, ինչին վարչապետն արձագանքեց, որ նման խնդիրներ բարձրացնում են նաև այլ համայնքներում և դա որևէ կապ չունի էթնիկ պատկանելիության հետ. «Եթե այդպիսի բան պարզվի, այդպես գործողները խստագույն պատժի կարժանանան»։