Նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը չի ազդի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների վրա։ Դրանք կկայանան մայիսի կեսերին՝ Պեկինում։ Այս մասին հայտնել է ամերիկյան առաջնորդը։

Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե Վենեսուելայի, Իրանի և Կուբայի իրադարձություններով պայմանավորված նավթային ճգնաժամն ինչպես կազդի առաջիկա հանդիպման վրա։ «Չեմ կարծում, թե դա կփոխի բանակցությունների ընթացքը։ Նկատի ունեմ, որ նա նավթի կարիք ունի, իսկ մենք՝ ոչ։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք նրա հետ»,- պատասխանել է Թրամփը։

Մարտի վերջին Սպիտակ տունը հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը Չինաստանի նախագահի հետ կհանդիպի Պեկինում մայիսի 14-ին և 15-ին, իսկ Սի Ծինփինի պատասխան այցը սպասվում է այս տարվա ընթացքում՝ ավելի ուշ։