Գերմանիայի Բունդեստագի Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) Քրիստոնյա-սոցիալական միություն (CSU) ամենախոշոր խմբակցության մտադրությունը, որով նախատեսվում է հանդես գալ հայտարարությամբ, որը անտեսում է հայկական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, ունի ադրբեջանական հիմքեր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Սաֆարյանի գնահատմամբ, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից պատրաստվող հայտարարությունը ոչ միայն ուղղված է Հայաստանի շահերի դեմ, այլ նաեւ խեղաթյուրում է ղարաբաղյան խնդրի էությունը: «Հայաստանի խորհրդարանական խմբակցությունը ներկա պահին քննարկում է ՔԴՄ-ՔՍՄ դիմում-նամակը, որը կդառնա ղարբաղյան խնդրի բացահայտ խեղաթյուրման պատասխանը: Կարծում եմ, որ առաջիկա ժամերի ընթացքում նամակ-դիմումը կստորագրվի խորհրդարանական դաշինքի ղեկավարների կողմից եւ կհամաձայնեցվի ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանի հետ քննարկման ժամանակ»,-ասել է խորհրդարանականը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչի հետ է կապված նման հայտարարությամբ հանդես գալու ՔԴՄ-ՔՍՄ-ի մտադրությունը, Սաֆարյանը նշել է, որ տվյալ դեպքում ցանկալի չէ դա կապել Քրիստոնեա-դեմոկրատական ամբողջ միության հետ` չնայած, որ հայտարարությունը պատրաստվել է այդ միության մեջ ձեւավորված աշխատանքային խմբի կողմից: «Ակնհայտ է ադրբեջանական լոբբիի մասնակցությունը: Դա կասկածի ենթակա չէ: Բայց մյուս կողմից, դա Մադրիդյան սկզբունքների հետեւանք է: Ծայրահեղ դեպքում, ես չեմ զարմանա, որ Գերմանիայի Բունդեսթագի այս կամ այն պատգամավորը նման հայտարարություն պատրաստած լինի: Քանի դեռ մենք չենք լուծել գլխավոր խնդիրը եւ չենք հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, որոնք եւս խեղաթյուրում են ղարաբաղյան խնդրի էությունը, նման հետեւանքների հետ կարող ենք բախվել ոչ միայն Գերմանիայի, այլ նաեւ այլ երկրների դեպքում»,-եզրափակել է Սաֆարյանը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գերմանիայի Բունդեսթագի ամենախոշոր խմբակցությունը` ՔԴՄ-ՔՍՄ-ն, պատրաստվում էր հայտարարություն տարածել ղարաբաղյան հարցի առնչությամբ, որտեղ առկա ձեւակերպումները խեղաթյուրում են հայկական կողմի դիրքորոշումը: Մասնավորապես, Ղարաբաղը եւ հարակից շրջանները ձեւակերպված են որպես օկուպացված տարածքներ, եւ կոչ է արվում հայկական կողմին վերադարձնել դրանք:




























