Ոստիկանությունը պարզել է Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի պուրակում 11 ծառ հատողի ինքնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները Ազատության պողոտայի թիվ 12/1 եւ 12/2 շենքերի հարակից տարածքում հայտնաբերել են  11 ծառաբուն: Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել է 39-ամյա Արտակ Կ.-ն: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ նշված տարածքը Երեւանի քաղաքապետի որոշմամբ` աճուրդային վաճառքով, սեփականության իրավունքով հատկացվել է իրեն` երկհարկանի հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու համար:

Առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝  2011 թ. նոյեմբերի 11-ին, տրվել է սեփականության վկայական, եւ տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու նպատակով, առանց համապատասխան թույլտվության, 11 ծառերը հատվել են իր նախաձեռնությամբ:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության պողոտա 12/1 հասցեում, փետրվարի 19-ին, գտնվող պուրակում ապօրինի ծառահատում է իրականացվել:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության, տեղազննության արդյունքում պարզվել էր, որ հատվել  6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի ` կոճղի 10,12 եւ 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի եւ 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 եւ 11 սմ տրամագծերով:

Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն եւ քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության  Երեւան քաղաքի բնապահպանության տեսչություն եւ ՀՀ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին` համապատասխան ընթացք տալու համար: