Ադրբեջանցի քաղբանտարկյալ Էլշան Հասանովին ազատ են արձակել: Այդ մասին գրում է Qafqazinfo.az կայքը` վկայակոչելով Հասանովի մտերիմների հաղորդած տեղեկությունները: Նշենք, որ Հասանովը ձերբակալվել էր 2011-ի ապրիլի 2-ի ցույցերին մասնակցելու համար: Նա «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներից է: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, բանտում նրա մոտ լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ եկել` կապված մարսողության հետ: Նա ոչինչ չէր կարողանում ուտել: Ըստ էության, դա էլ հանդիսացել է նրա ազատման գլխավոր պատճառը:

Հասանովին ձերբակալել են 2011-ի ապրիլի 9-ից: Նրա դեմ մեղադրանք էին առաջադրել Ադրբեջանի ՔՕ 233-րդ հոդվածով` հասարակական կարգի խախտման պատճառ հանդիսացող գործողությունների կազմակերպում եւ նրան գործողությունների ակտիվ մասնակցության ցուցաբերում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանում չարտոնագրված ցույց է անցկացվել, որից հետո երկրում ընդդիմադիր գործիչների մասսայական ձերբակալություններ են սկսվել: Ավելի ուշ շատերը ազատ են արձակվել, սակայն դեռեւս կան բանտարկյալներ, որոնք միջազգային կառույցների կողմից համարվում են քաղբանտարկյալներ: