2026 թվականի ապրիլին Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված բովանդակություն է կիրառվել։ Դա արվել է հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով։ Այս մասին նշված է Փաստերի ստուգման միջազգային ասոցիացիայի (GFCN) վերլուծության մեջ։

Փորձագետների տվյալներով՝ քարոզարշավի ընթացքում տարածվել են դիփֆեյքեր, լրատվամիջոցների կեղծ կայքեր և աղավաղված տվյալներ։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում հայտնվել է «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարի մասնակցությամբ կեղծված մի տեսանյութ, որտեղ նրան վերագրվում էին Դոնալդ Թրամփի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրերի խզման մասին հայտարարությունները։ Ստուգումը ցույց է տվել, որ ձայնագրությունը փոխված է եղել, իսկ հոլովակը ձևավորված է եղել Euronews-ի լոգոտիպով և կեղծ կայքի հղումով։

Նույն սկզբունքով ապատեղեկատվություն է տարածվել նաև Մադյարի ընտրապայքարից դուրս գալու մասին։ Դրա համար օգտագործվել էր «Sky News»-ի «հրատապ լուրերի» կեղծ տեսանյութը՝ արհեստական բանականությամբ ստեղծված ամբողջական ձայնագրությամբ։

Փորձագետների դիտարկմամբ՝ արհեստական բանականությունը կիրառվել է ոչ միայն քաղաքական գործիչների դեմ, այլև ընտրողների շրջանում պառակտում մտցնելու նպատակով։ Մասնավորապես՝ տարածվել են հոլովակներ, որոնք թիրախավորում և վարկաբեկում են առանձին խմբերի, այդ թվում՝ սփյուռքին։

GFCN-ից ընդգծում են, որ նման տեխնոլոգիաները լուրջ վտանգ են ներկայացնում ընտրությունների թափանցիկության համար, իսկ մանիպուլյացիայի փորձերն արվել են քաղաքական դաշտի ամենատարբեր կողմերից։