Այսօր մեկնարկել է «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Նա նշել է, որ միջոցառումների մեկնարկը համընկնում է խորհրդանշական նախաձեռնության հետ։ Քաղաքի հիմնանորոգված մանկապարտեզի բակում ծառեր են տնկվում։ Պաշտոնյան պարզաբանել է, որ յուրաքանչյուր երկրի պատվիրակություն այստեղ տնկում է իր ծառը։ Ըստ նրա՝ սա խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ այդպիսով ընդլայնվում են կանաչապատ գոտիները։ «Ինչպես հայտնի է, շուտով Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP17), և մենք այս խորհրդանշական նախաձեռնությունը կապում ենք նաև այդ իրադարձության հետ», - հավելել է Դանիելյանը։
Այս միջոցառումների անցկացումը նա կապել է Հայաստանի կառավարության վարած հավասարակշռված քաղաքականության տրամաբանության հետ։ «Այստեղ մենք տարբեր ձևաչափերի միջոցառումներ ենք հյուրընկալում՝ մեր հյուսիսային և արևելյան գործընկերների մասնակցությամբ։ Հենց մշակույթից է սկսվում այն երկխոսությունը, որը կարող է նյութականանալ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Մենք մեր հյուրերի հետ միասին նորովի կբացահայտենք Մեղրին։ Նախատեսված են այցելություններ դեպի մշակութային ու պատմական հուշարձաններ, որոնց շրջանակում հետաքրքիր վայրերը նորովի կբացահայտվեն թե՛ հայ հասարակայնության, թե՛ զբոսաշրջիկների համար»,- ընդգծել է փոխնախարարը։
Պաշտոնյան հստակեցրել է, որ միջոցառումները կանցկացվեն մինչև նոյեմբեր՝ հավելելով, որ զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ քաղաքում կզարգանա նաև հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը։





























