Central Partnership ընկերության նախկին ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը, ում անունը Մոսկվայի դատարանի վճռով վերադարձվել է Ավդոտյա Սմիրնովայի «Երկու օր» ֆիլմի ազդագրերում, մտադիր է նաեւ վերականգնել իր ազգանունը 9 այլ ֆիլմերում:

Դիշդիշյանի անունը հանվել էր ազդագրերից, երբ 2011թ. ապրիլին նա լքել էր ընկերության ղեկավարի պաշտոնը: Նա դիմել էր դատարան` նշելով, որ մտածել է սյուժեն, ընտրել սցենարիստի, ռեժիսորի, հաստատել դերասանների կազմը եւ իրականացրել ֆիլմի ստեղծման կազմակերպումը, եւ դա թույլ է տալիս ապահովել իր անունը ազդագրերում:

Այդ ֆիլմերի ցանկում են Ալեքսեյ Սիդորովի «Մարտ ստվերի հետ», Օլեգ Պոգոդինի «Տուն», Կարեն Հովհաննիսյանի «Հինգ հարսնացու» ֆիլմերը:

Central Partnership ընկերությունը հայտարարել է, թե բողոքարկելու է դատարանի վճիռը: Ընկերությունը խոշորագույններից է Ռուսաստանում: Ռուբեն Դիշդիշյանը, հեռանալով իր ստեղծած ընկերությունից,նոր կինոընկերություն է հիմնել «Մարս մեդիան», որը պատրաստվում է տարեկան 10 հեռուստանախագիծ եւ երեք ֆիլմ նկարել: