Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հերքում է բուլղարացի կոմպոզիտորների բոլոր մեղադրանքները: Կիրկորովին մեղադրել են հեղինակային իրավունքների խախտման մեջ:
Նշենք, որ բուլղարացի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելյեւը, Իվան Պեեւն ու Նայդեն Անդրեեւը դատի են տվել Ֆիլիպ Կիրկորովին` պնդելով, որ նա խախտել է իրենց հեղինակային իրավունքները` չհամաձայնեցնելով իրենց հետ ստեղծագործությունների օգտագործումը եւ հոնորար չվճարելով:
Կիրկորովն ասել է, թե անգամ ծանոթ չէ հեղինակների հետ, իսկ նրա մամուլի քարտուղար Օլգա Ալեքսեեւան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ նա արդեն 20 տարի չի կատարում այդ կոմպոզիտորների երգերը: Ինչ վերաբերում է վճարումներին, ըստ Ալեքսեեւայի, օրենքով դրանով պետք է զբաղվի այն ընկերությունը, որ թողարկում է դրանք:



























