Մեր կուսակցության աղջիկներն ավելի ուժեղ են, քան փոքրիկ խմբակի տղամարդիկ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Այս իշխանությունը վերջին երկու-երեք օրերի իր գործողություններով հստակ ցույց է տալիս իր վախերը: «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեր աղջիկներն ավելի ուժեղ են, քան փոքրիկ խմբակի տղամարդիկ: Հայ ազգը պայքարող տեսակ է, ու մենք հիմա պայքարում ենք հանուն մեր Հայաստանի, հանուն ուժեղ Հայաստանի, հանուն մեր երեխաների ապագայի:

Փոքրիկ խմբակին հորդորում ենք խաղաղվել, խաղաղվել և խաղաղվել, քանի որ փոփոխությունը շատ մոտ է: Փոփոխությունը բերում է Սամվել Կարապետյանը, և ժողովուրդը սպասում է այդ փոփոխությանը: Բոլորս այստեղ հավաքվել և պահանջում ենք՝ ազատություն, մեր վարչապետ Սամվել Կարապետյանին»,- ասաց Ալիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ տասը ամիս տևած քննությունից հետո ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:

Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Ապրիլի 15–ի նիստը հետաձգվել էր 2 օրով և այն շարունակվում է այսօր։

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ կարևոր է, որ Սամվել Կարապետյանը լիարժեք մասնակցի քարոզարշավին, այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին, որը նշանակված է ապրիլի 21–ին։