Սյունիքի մարզում «Համայնքային արոտավայրերի կառավարման» եւ «Անասնապահության զարգացման» ծրագրերի իրականացմամբ, անասնագլխաքանակի եւ դրա հետ` մթերատվության ավելացման կտրուկ աճ կարձանագրվի: Նման կարծիք է հայտնել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով փետրվարի 21-ին աշխատանքային այցով  ժամանել է Սյունիքի մարզ:

Նշենք, որ հիշյալ ծրագրերն իրականացվում են Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում:

Կոոպերատիվների անդամների հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

«Ծրագիրը, որում ընդգրկվել են Սյունիքի մարզի 9 համայնքներ, ՀՀ նախագահի անմիջական հանձնարարությամբ եւ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվում է հանրապետության 6 մարզերի  55 համայնքներում եւ շարունակական բնույթ ունի»,-ասել է նախարարը:

Գյուղոլորտում  զուգահեռաբար իրականացնվող օժանդակման ծրագրերից նախարարը հիշատակել է նաեւ գյուղացիական  տնտեսություններին հատկացվելիք 25 հազար տոննա ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի մասին, որոնք պետության սուբսիդավորման շնորհիվ, գյուղացին ձեռք կբերի շուկայականից ցածր գնով: «Քանի որ հանրապետության տեխնոպարկը հնացած է, ընթացիկ տարվա գերխնդիրներից  է նաեւ գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Բարձրորակ տրակտորների, կոմբայնների, գյուղգործիքների ներկրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի հետ, որոնք առաջիկայում կստանան  դրական լուծումներ»:

Նախարարը նշել է, որ ընթացքի մեջ են գյուղացու եկամուտների ավելացմանը նպատակաուղղված` զուտ պայմանագրային եղանակով մթերման, գյուղկենդանիների ութ հիվանդությունների կանխարգելման դեմ պատվաստման եւ  իրացման նոր շուկաների ստեղծման խնդիրները, որոնք, նույնպես,  հընթացս լուծում կստանան:

«Սերմնաբուծության զարգացման՚ ծրագիրը նույնպես շարունակական է լինելու, այս տարի էլ գյուղացիական տնտեսություններին տրամադրելու ենք էլիտային սերմացու: Անցած տարում ներկրված սերմացուի հաշվին մենք կարողացանք ապահովել 90 հազար տոննա ավելի հացահատիկի բերք` լրացուցիչ կատարելով  20 հազար հա աշնանացան: Այն նախապայման է` գյուղոլորտում ավելի մեծ արդյունքներ ունենալու համար», -ասել է Սերգո Կարապետյանը:

Ըստ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանի, ծրագիրը, որը նպատակաուղղված է աջակցելու բարձրլեռնային եւ սահմանամերձ անասնապահությամբ զբաղվող համայնքներին` միաժամանակ լուծելով հանրապետության հեռագնա արոտավայրերի նպատակային եւ լիարժեք  օգտագործման հարցը, մեկնարկել է այս տարի: Ծրագրում ընդգրկված շուրջ 40 համայքներում արդեն ստեղծվել են «Արոտօգտագործողների սպառողական կոպերատիվներ»: «Ընդլայնելու համար այս տարի նախատեսել ենք  ծրագրի ծավալի 60 տոկոսը  իրականացնել: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերելՀԲ-ի հետ` ծրագրում ընդգրկված  55 համայնքների թիվը հասցնել100-ի», - ասաց նա: 

Իր ելույթում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում սկսվել են աշխատանքներ  իրականացվել մարզի յոթ համայնքում (Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ,  Գորայք,  Խնածախ, Խոզնավար, Վաղատուր),  իսկ երկուսում (Տաթեւ, Ծղուկ)` արդեն հիմնադրվել եւ գործում են համայնքային կոոպերատիվներ:

Խնձորեսկ, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքները մասնավորապես նախատեսել են համատեղ իրականացնել իրենց վարչական տարածքներում գտնվող շուրջ 4500 հա հեռագնա եւ շուրջ 5000 հա գյուղամերձ արոտների ջրարբիացումը: