Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք Ռուսաստանի հետ, որը ինչ-որ մի ժամանակ էականորեն կամ ընդհատվել էր կամ քչացել էր, և մենք այո ունենք պայմանավորվածություն որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք անհրաժեշտություն տեսնում է Հայաստանի զինանշանից հեռացնելու Արարատի պատկերը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նախ, Արարատ անվան մասին, որ մեր ընդդիմադիրները շատ ոչ կոռեկտ եղանակով օգտագործում են, ես ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա Արարատի մարզ, Արարատ բնակավայր, կա Արարատ համայնք։  Մենք խոսում ենք պետականության մասին, իմ խնդիրն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում, չենք տեսնում գիծը պետության և ոչ պետության միջև։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ամբողջ իմաստն այն է, որ մենք պետք է կենտրոնանանք պետության վրա, որովհետև հայրենիքը պետությունն է։ Եվ ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասածի հետ կապված։ Ես բարձրացնում եմ հարց մեր պետության և պետական ատրիբուտների, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության  մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաև հարևանների տարածքային ամբողջականությունը ընդունելն է, որովհետև մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ»,–ասաց նա։

Ցույց տալով իր կրծծքին ամրացված Հայաստանի քարտեզի պատկերով կրծքանշանը, վարչապետն ասաց. «Այս պատկերը ձևավորված է մեր հարևանների միջազգայնորեն ճանաչված տարածքի ուրվագծով։ Մենք ճանաչո՞ւմ ենք սա,  թե՞ չէ։ Շատերը ինձ մեղադրում են, ասում են՝ այս գիծը ընդունելով դուք մեզ սահմանափակում եք, որ մենք գնանք և ավելին ունենանք։ Ես ասում եմ՝ այո, ճիշտ եք ասում, սահմանափակում ենք մի տարբերությամբ որ այս գիծը ոչ միայն մեզ է սահմանափակում այլև ուրիշներին։ Եթե մենք ասում ենք՝ այստեղ գիծ չկա, հետևաբար մենք կարող ենք գնալ, վերցնել, ինչքան ուզում ենք և ինչքան կարող ենք, իրենք էլ կարող են ասել՝ շատ լավ, դե որ գիծ չկա, մենք էլ ենք գալիս վերցնենք այնքան, ինչքան ուզում ենք և կարող ենք։

Երբ ասում ենք՝ անվտանգություն, պետք է հասկանանք՝ ինչ կոմպոնենտներից է բաղկացած դա»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դրան ՔՊ–ն մանրամասն  անդրադարձել է իր նախընտրական ծրագրում։