Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, թե իբր իրենց և Ադրբեջանի միջև չկան այլ պայմանավորվածություններ, բացի թղթի վրա ամրագրվածներից։ Այս մասին ապրիլի 18-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը նշել է, որ երկու օր առաջ Ադրբեջանի ներկայացուցիչը փաստացի հայտարարել է, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
«Այդ թղթի մեջ Սահմանադրության փոփոխության մասին ոչ մի բառ չկա, ստացվե՞ց, որ այդ թղթի մեջ ամեն ինչ չէ գրված։ Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ մի ամիս հետո էլ Ադրբեջանից որևէ մեկը չի ասի՝ բայց մի հատ էլ նախապայման կա, ձեզ խաբել են, չեն ասել։ 2018 թվականին Փաշինյանը խնդրել է Ալիևին՝ նվազեցնել սահմանային լարվածությունը, որովհետև ինքը պիտի ուժեղ հանրապետականների հարցերը փորձեր լուծել։ Ինչի՞ դիմաց է դրան համաձայնել Ալիևը, այդ հարցի պատասխանը չունեմ։ Այդ նույն հարցը պետք է տան մեր հայրենակիցները։ Ակնհայտ է, չէ, որ դրա դիմաց ինչ-որ խոստում է տրվել, իսկ քանի նման խոստումներ կան, որոնց մասին դեռ չգիտենք», - ասել է Մամիջանյանը։




























