Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը ակնկալում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի օգնությունը, որպեսզի օգտագործի հարեւան երկրի փորձը ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար ոչ լիբերալ կառավարման երկար տարիներից հետո, գրել է The Guardian-ը։

Ինչպես նշել է պարբերականը, 1989 թվականից երկու երկրների ճանապարհները, թվում էր, ընթանում էին զուգահեռ։

Այժմ երկու աջ կենտրոնամետ, եվրոպամետ առաջնորդներ լուծրում են օրենքի գերակայության վերականգնման եւ պետական ​​ինստիտուտների բարելավման դժվարին խնդիրը՝ ժողովրդավարության երկարատեւ նահանջից եւ ԵՄ-ի հետ բախումներից հետո։

Առաջնորդները ելույթ են ունեցան ընտրությունների գիշերը, եւ Տուսկը Կորեայից խանդավառ զանգահարել է Մադյարին. «Ես շատ ուրախ եմ։ Կարծում եմ՝ ես նույնիսկ ավելի երջանիկ եմ, քան դուք, հասկանո՞ւմ եք»։

Հաջորդ առավոտյան Տուսկը լրագրողներին ասել է. «Սկզբում Վարշավա, ապա Բուխարեստ, Քիշնեւ, իսկ հիմա՝ Բուդապեշտ։ Եվրոպայի այս հատվածը ցույց է տալիս, որ մենք դատապարտված չենք կոռումպացված եւ ավտորիտար կառավարման»։ Ակնհայտորեն թեթեւացած՝ նա ավելացրել է. «Իմ ուսերից ծանրություն ընկավ, քանի որ անհանգստանում էի մինչեւ վերջ»։

Տեղեկացվել է, որ Մադյարը արագ պատասխանել է գովասանքին։ Հունգարիայի եւ ԵՄ դրոշներով զարդարված մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ նա խոսել է Լեհաստանի հետ «հատուկ հարաբերությունների» մասին եւ իր պաշտոնավարման առաջին արտասահմանյան այցի համար ընտրել է Վարշավան։

Նա նաեւ հաստատել է Բուդապեշտում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքներով հետապնդումից թաքնվող երկու նախկին լեհ նախարարների դեմ արագ գործողություններ ձեռնարկելու ծրագրերը՝ ասելով, որ նրանք չպետք է «գնան եւ կահույք գնեն Ikea-ից, քանի որ այնտեղ երկար մնալ չեն կարող»։

Երկու առաջնորդների գործընկերությունը կարող է կարեւոր դեր խաղալ Բուդապեշտի՝ եվրոպական քաղաքականություն վերադառնալու գործում, գրել է բրիտանական պարբերականը։ Հենց որ Մադյարը փոխարինի հեռացող Վիկտոր Օրբանին, Տուսկը կդառնա բանակցությունների սեղանի շուրջ ամենափորձառու առաջնորդը։

Նրա աջակցությունն ու խորհուրդները կարող են օգտակար լինել դաշինքի հետ բանակցություններում։ Ուրբաթ օրը ԵՄ պաշտոնյաները Բուդապեշտում անցկացրել են իրենց առաջին ոչ պաշտոնական բանակցությունները նոր վարչակազմի հետ։ Բրյուսելը, հավանաբար, կցանկանա, որ Հունգարիան վերացնի Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակումը եւ համաձայնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին՝ որպես քաղաքական վերադասավորման վաղ ազդանշան։

Հունգարիայից նաեւ սպասվում է, որ երկիրը բավարարի մի շարք պայմաններ, որոնք կապված են իր ինստիտուտների, դատական ​​համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, ապաստանի օրենքների եւ ակադեմիական ազատությունների հետ։ Կուլիսներում լեհ եւ հունգարացի պաշտոնյաներն արդեն քննարկում են, թե ինչպես կարող են բազմամյա ոչ լիբերալ կառավարումը տապալելու Լեհաստանի վերջին ջանքերը կիրառվել Հունգարիայում։