Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կայցելի Ադրբեջան, տեղեկացրել է Euronews-ը։

Այցը, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա մայիս-հունիսին, քաղաքական եւ տնտեսական շարունակվող համագործակցության մասն է կազմում։

Էներգետիկան լայնորեն դիտարկվում է որպես Հռոմի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կենտրոնական հենարան, քանի որ Ադրբեջանը բնական գազ է մատակարարում Իտալիա Տրանսադրիատիկ խողովակաշարով (TAP), որը ավելի լայն Հարավային գազային միջանցքի մասն է, այն Կասպյան տարածաշրջանը կապում է Եվրոպայի հետ։ TAP-ի կառավարիչ տնօրեն  Լուկա Շիպատին Euronews-ին տեղեկացրել է, որ առեւտրային գործունեության սկզբից ընկերությունը Իտալիա է մատակարարել ավելի քան 47,5 մլրդ խորանարդ մետր բնական գազ։

Նա ավելացրել է, որ իտալական SNAM SpA բաժնետիրական ընկերության տվյալներով՝ «2025թ․ TAP-ի միջոցով տեղափոխված գազը ապահովել է Իտալիայի գազի ընդհանուր պահանջարկի մոտ 16 տոկոսը»։

Շիպատիի խոսքով՝ TAP-ը Եվրոպա է մատակարարել ավելի քան 57 մլրդ խորանարդ մետր գազ՝ նպաստելով մատակարարման ուղիների դիվերսիֆիկացմանը եւ եվրոպական գազային համակարգի դիմադրողականության բարձրացմանը։

Նա նաեւ նշել է, որ Իտալիան TAP-ի միջոցով տեղափոխվող ադրբեջանական գազի հիմնական ուղղությունն է եւ եվրոպական շուկա խողովակաշարային մատակարարումների հիմնական մուտքի կետը։

Օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ TAP-ին 2025թ․ բաժին է ընկել Իտալիայի գազի ընդհանուր ներմուծման մոտ 16.5 տոկոսը եւ խողովակաշարային գազի ներմուծման մոտ 25 տոկոսը՝ բացառությամբ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ):

Հունաստանի կոմպրեսորային կայանի վերջերս կատարված արդիականացումը երկարաժամկետ թողունակությունը մեծացրել է տարեկան 1.2 մլրդ խորանարդ մետրով՝ ամրապնդելով համակարգի տրանսպորտային հնարավորությունները։ Վերջին տարիներին տարեկան մատակարարման ցուցանիշները ցույց են տվել կայուն աճ՝ 6.83 մլրդ խորանարդ մետր 2021թ․, 9.69 մլրդ խորանարդ մետր 2022թ․, 9.37 մլրդ խորանարդ մետր 2023թ․, 9.76 մլրդ խորանարդ մետր 2024թ․ եւ 9.46 մլրդ խորանարդ մետր 2025թ․, որից ավելի քան 2.4 մլրդ խորանարդ մետրն արդեն մատակարարվել է այս տարի։

Չնայած TAP-ը գործում է որպես առեւտրային եւ անկախ գազափոխադրման համակարգի օպերատոր, Շիպատին նշել է, որ «Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ բարձրամակարդակ երկկողմ հարաբերությունները հնարավորություն են տալիս հաստատել էներգետիկայի ոլորտում երկարատեւ համագործակցությունը եւ Հարավային գազային միջանցքի ռազմավարական նշանակությունը»։