Ապրիլի 18-ին ավելի քան 20 նավ է հատել Հորմուզի նեղուցը։ Սա մարտի 1-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։

Իրանում բեռնավորված հինգ նավերի թվում եղել են ինչպես հեղուկացված գազի երեք լցանավեր, այնպես էլ դեպի Չինաստան և Հնդկաստան նավթամթերք ու մետաղներ տեղափոխող բեռնանավեր։

Նեղուցը հատած մյուս նավերը տեղափոխում էին ԱՄԷ-ից և Բահրեյնից արտահանված նավթ, նավթաքիմիական հումք և պարարտանյութեր։ Բացի այդ, նեղուցը հատած նավերի թվում է եղել նաև Սաուդյան Արաբիայից նավթային կոքս տեղափոխող բեռնանավը։

Փետրվարի 28-ին սկսված ամերիկաիսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանը հայտարարել է նեղուցով առևտրի դադարեցման մասին։ Նշենք, որ այս ուղով է անցնում համաշխարհային նավթի մոտ 20%-ը և հեղուկացված բնական գազի ավելի քան 30%-ը։

Ապրիլի 17-ին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել է նավագնացության համար նեղուցի բացման մասին՝ դա կապելով Լիբանանում հաստատված հրադադարի հետ։ Նույն օրը հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ զբոսանավ է անցել նեղուցով։

Սակայն ապրիլի 18-ին Թեհրանը հայտարարել է նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողության վերականգնման մասին։ Ավելի ուշ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) նշել է, որ կրկին ցանկանում է փակել այն, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել ծովային շրջափակումը։ Իրանի զինված ուժերը նաև կասեցրել են երկու տանկերների ընթացքը՝ թույլ չտալով նրանց հատել նեղուցը։