Սլովենիայի գործող վարչապետ Ռոբերտ Գոլոբը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո չի կարողացել գործընկերներ գտնել նոր կառավարություն ձևավորելու համար։

Նրա խոսքով՝ նվազագույն առավելությամբ հաղթած «Ազատության շարժում» կուսակցությունը չի կարողացել համաձայնության գալ կոալիցիա կազմելու շուրջ։ Գոլոբը հայտնել է, որ այժմ պատրաստ է անցնել ընդդիմության շարքերը և շարունակել իր խորհրդարանական աշխատանքը։

Նա նաև քննադատել է աջ կենտրոնամետ կոալիցիային՝ այն անվանելով «խարդախների կոալիցիա», և հայտարարել, որ կարծում է, թե այն երկար չի գոյատևի։

Ընտրությունների արդյունքներով Գոլոբի կուսակցությունը խորհրդարանում ստացել է 29 մանդատ, ինչն ընդամենը մեկով է ավել ընդդիմադիր Սլովենիայի դեմոկրատական կուսակցության ցուցանիշից։

Ավելի վաղ Սլովենիայի խորհրդարանը խոսնակի պաշտոնում ընտրել էր Resni.ca կուսակցության առաջնորդ Զորան Ստեվանովիչին, ինչը բարդացրել է գործող վարչապետի քաղաքական դիրքերն ու կառավարության ձևավորման գործընթացը։