Թրամփի վարչակազմը սկսել է ավելի քան 166 միլիարդ դոլարի վերադարձի գործընթացը։ Խոսքն այն մաքսատուրքերի մասին է, որոնք փետրվարին Գերագույն դատարանի կողմից ճանաչվել էին անօրինական։ The New York Times-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրվանից կառավարությունը սկսել է գումարների վերադարձի հայտերի ընդունումը, ընդ որում՝ միջոցները փոխհատուցվելու են տոկոսագումարներով։

Ավելի քան 3000 ընկերություն, այդ թվում՝ FedEx-ն ու Costco-ն, արդեն դատի են տվել վարչակազմին՝ չսպասելով հատուկ հարթակի գործարկմանը, որպեսզի առաջնահերթ կերպով հետ ստանան իրենց գումարները։ Սակայն փոխհատուցում կստանան միայն բուն ներկրողները։ Ապրանքների համար հավելյալ գին վճարած քաղաքացիներին ոչինչ չի վերադարձվի։ Դեռևս անհայտ է, արդյոք ընկերությունները ձեռք բերված գումարների մի մասը կվերադարձնեն սպառողներին, թե ոչ, քանի որ մինչ օրս գրեթե ոչ մի բիզնես նման հանձնառություն չի ստանձնել։

Գումարների վերադարձի հարցում դեռ մեծ անորոշություն կա։ Վարչակազմից արդեն զգուշացրել են, որ ընկերություններից կարող է ամիսներ պահանջվել փոխհատուցում ստանալու համար, իսկ Սպիտակ տունը չի բացառում, որ դատական նոր քաշքշուկների պատճառով գործընթացը կարող է կրկին սառեցվել։ Տուժածների թվում է Լոս Անջելեսում թորման արտադրամաս ունեցող մի գործարար, ով շուրջ 100 հազար դոլար է կորցրել այդ անօրինական մաքսատուրքերի պատճառով։ Նա նշել է, որ մեծ հույսեր չունի, թե գումարը շուտով հետ կստանա։