«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավաբեկության համար բացի նավապետից մեղադրել են եւս յոթ հոգու: 

Գրոսետոյի դատախազությունում, որտեղ կատարվում է հետաքննությունը, հայտնել են, որ մեղադրյալների շարքում են Costa Crociere սեփականատեր ընկերության փոխնախագահ Մանֆրեդ Ուրսփրունգերը եւ ընկերության ճգնաժամային ստորաբաժանման ղեկավար Ռոբերտո Ֆերարինին: Ըստ հետաքննության տվյալների` հենց Ֆերարինիից է նավապետը հեռախոսով ստացել ցուցումներն աղետի ընթացքում: Հայտնի է, որ Սկետինոն ափային փրկարար ծառայություններին չի հայտնել աղետի մասին, իսկ ուղեւորների տարհանման մասին հաղորդվել է ուշացումով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Բացի դրանից` մեղադրյալների շարքն են համալրել ղեկավար անձնակազմի անդամները: Բոլոր նրանք մեղադրվում են զբոսանավի խորտակման եւ ոչ կանխամտածված սպանության մեջ:

Մինչ այժմ մեղադրյալներն էին միայն նավապետը եւ նրա առաջին օգնական Չիրո Ամբրոզիոն: Սքետինոն տնային կալանքի տակ է գտնվում: Նախնական դատալսումները կսկսվեն մարտի 3-ից: