Մեծ Բրիտանիայի արտգործախարար Օլի Ռոբինսի պաշտոնանկությունից հետո լեյբորիստական կառավարությունը հայտնվել է ճնշումների ներքո, հայտնում է BBC-ն:
Ըստ պաշտոնական վարկածի՝ Ռոբինսին հեռացրել են այն պատճառով, որ նա վարչապետ Քիր Սթարմերին չի տեղեկացրել անվտանգության ծառայությունների կողմից լորդ Փիթեր Մանդելսոնի ստուգման ձախողման մասին։ Սակայն ինքը՝ Ռոբինսը, ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովում, հայտարարել է, որ բախվել է վարչապետի գրասենյակի «ճնշումների մթնոլորտին»։ Ըստ նրա՝ իրենից պահանջել են առաջին հերթին արագացնել Մանդելսոնի նշանակումը ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում, այլ ոչ թե քննարկել ստուգման բուն ընթացակարգը։
Նա պնդում է նաև, որ գործել է կանոնների շրջանակում և չէր կարող ստուգման մանրամասները հայտնել վարչապետին՝ չնայած ստուգման ավարտի ժամկետների վերաբերյալ Դաունինգ սթրիթից ստացվող մշտական հարցումներին։
Իրավիճակը քաղաքական սկանդալ է առաջացրել։ Ընդդիմությունը Սթարմերին մեղադրել է խորհրդարանին մոլորեցնելու փորձի մեջ և պահանջել նրա հրաժարականը։ Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոչը հայտարարել է, որ վարչապետի գործողությունները վտանգել են ազգային անվտանգությունը։
Լրացուցիչ արձագանք է առաջացրել լորդ Մանդելսոնի անցյալը. նա 2025 թվականին հեռացվել էր ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնից՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի մասին փաստաթղթերի հրապարակումից հետո, իսկ 2026 թվականին ձերբակալվել էր գաղտնի տեղեկության հրապարակման գործով։
Սկանդալն ուժեղացրել է կառավարության հասցեին հնչող քննադատությունը և, լրատվամիջոցների տվյալներով, դա բացասաբար է անդրադարձել պետական ծառայության աշխատանքի և Լեյբորիստական կուսակցության վարկանիշների վրա, որը Լոնդոնում անցկացվելիք առաջիկա ընտրություններում կարող է ցույց տալ վերջին տասնամյակների վատթարագույն արդյունքները։





























