Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շիական «Հըզբոլլահ» շարժմանը մեղադրել է Լիբանանում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ՝ իսրայելցի զինվորականների ուղղությամբ անօդաչու թռչող սարք արձակելով:

Բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «Հըզբոլլահի» գրոհայինները թռչող սարք են արձակել Լիբանանի հարավում առաջնագծից դեպի հարավ գործող ՑԱԽԱԼ-ի զինվորների ուղղությամբ։ Իսրայելական կողմն այդ գործողությունը զինադադարի պայմանավորվածությունների «կոպտագույն խախտում» է անվանել:

Հաղորդվում է, որ անօդաչու սարքը որսացել են Իսրայելի ռազմաօդային ուժերը և որ այն չի հատել Իսրայելի սահմանը: ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ ըստ գործող արձանագրության՝ օդային տագնապի ազդանշանները չեն միացել: