Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսը հայտարարել է, որ 2027 թվականի երկրորդ կեսին՝ Հունաստանի նախագահության ընթացքում, միայն մեկ երկիր կարող է դառնալ Եվրոպական միության անդամ: Այս մասին նա ասել է Դելֆիի տնտեսական համաժողովի ժամանակ, հայտնում է Politico-ն:

Միևնույն ժամանակ, դիվանագետը չի հստակեցրել, թե հատկապես որ երկրի մասին է խոսքը:

Ներկայումս ԵՄ անդամակցության թեկնածուի կամ պոտենցիալ թեկնածուի կարգավիճակ ունեն Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Թուրքիան և Ուկրաինան:

2024 թվականի վերջին Եվրահանձնաժողովը հրապարակել է ԵՄ ընդլայնման հեռանկարների մասին իր զեկույցը, որտեղ հստակ նշված է եղել, որ Թուրքիան, Վրաստանն ու Սերբիան զգալիորեն հետ են մնում Մոլդովայից և Ուկրաինայից։ Հիմնական պատճառը Եվրամիության արտաքին քաղաքականությանն անհամապատասխան լինելն է։

Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեֆ Բորելն ավելի վաղ ընդգծել էր, որ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո ԵՄ-ն Ռուսաստանը դիտարկում է որպես առանցքային «էկզիստենցիալ սպառնալիք», իսկ միությանն անդամակցելը «ռազմավարական ընտրություն» է դարձել թեկնածու երկրների համար։ Նրա խոսքով՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելը անդամակցության հիմնական չափանիշներից մեկն է։