Պայքարը Հորմուզի նեղուցի վերահսկողության համար շարունակվում է։ ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակում են իրանական նավահանգիստները։ Իրանն իր հերթին թույլ չի տալիս անցնել, գնդակոծում և կալանում է այն լցնավերը, որոնք փորձում են նավթ արտահանել Պարսից ծոցի երկրներից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է «գնդակոծել և ոչնչացնել» ցանկացած նավ, որը նեղուցում ծովային ականներ է տեղադրում, մինչդեռ ամերիկյան ականազերծող նավերը զբաղված են դրանց ականզազերծմամբ։

Արդյունքում, ըստ փորձագետների զգուշացումների, համաշխարհային էներգետիկ ճգնաժամը կարող է կտրուկ սրվել։ Միայն ականազերծումը կարող է տևել մինչև վեց ամիս, ԱՄՆ Կոնգրեսին հայտնել են Պենտագոնից։ Մերձավոր Արևելքից նավթի արտահանման ընթացիկ կորուստները գնահատվում են 600 միլիոն բարել։ Կերոսինի բարձր գները և դեֆիցիտն արդեն հանգեցրել են Lufthansa-ի բազմաթիվ չվերթների չեղարկմանը։

«Նավթային շուկայում շոկը հսկայական է, և սպառողների համար արագ ավարտ չի կանխատեսվում»,- Bild-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի փորձագետ Ջոնաթան Շրոդենը: Նույնիսկ եթե նեղուցը շուտով նորից բացվի, նավթի արդյունահանման արդեն իսկ տեղի ունեցած խափանումները կարող են առաջացնել հետևանքներ, որոնք զգալի կլինեն ամիսներ շարունակ:

Շրոդենը մատնանշում է ևս մեկ խնդիր՝ Հորմուզի նեղուցով պարարտանյութերի արտահանման դադարեցումը։ Դրա պատճառով նույնիսկ 2027 թվականին սպասվում է բերքատվության անկում պարարտանյութ գնող երկրներում։ Իսկ դա նշանակում է, որ լցակայաններում գների բարձրացմանը կարող է հաջորդել սննդամթերքի գների աճը սուպերմարկետներում։