ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալությանը հայտարարել է, որ Իրանը ծրագրում է հանդես գալ առաջարկով, որն ուղղված կլինի ԱՄՆ-ի պահանջների բավարարմանը:
Նա նշել է, որ դեռևս չգիտի, թե ինչպիսին կլինի այդ առաջարկը: Թրամփը պնդում է, որ ցանկացած գործարք պետք է ներառի Իրանի հրաժարումը հարստացված ուրանից և Հորմուզի նեղուցով նավթի ազատ տեղաշարժի թույլտվությունը:
Ամերիկյան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ծրագրում են շաբաթ օրը մեկնել Իսլամաբադ՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար:
Հինգշաբթի Թրամփը մտահոգություն էր հայտնել այն հարցի շուրջ, թե ով է ղեկավարում Իրանը, իսկ ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ, իրենց կարծիքով, երկրի ղեկավարությունը պառակտված է:
Ուրբաթ, երբ Թրամփին հարցրել են, թե ում հետ է ԱՄՆ-ը բանակցություններ վարում, նա պատասխանել է. «Ես չեմ ցանկանում դա ասել, բայց մենք գործ ունենք նրանց հետ, ովքեր այժմ իշխանության գլուխ են»: Նա հրաժարվել է անուններ տալ:
Թրամփը պնդել է, որ ամերիկյան զինուժը կշարունակի իրանական նավահանգիստների շրջափակումը այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք չբերվի:
Այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ շրջափակումը հանելու համար, Թրամփը պատասխանել է. «Ես կկարողանամ այդ հարցին պատասխանել ավելի ուշ: Ես պետք է տեսնեմ, թե նրանք ինչ կառաջարկեն»:





























