Ռուսաստանը դոլարային միլիարդատերերի թվով պատմական ռեկորդ է սահմանել. գրում է The Moscow Times-ը:

2025 թվականի ընթացքում Forbes-ի ռուսական ցանկը համալրվել է 9 անունով և այժմ ներառում է 155 մարդ՝ 696,5 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ։ Նախապատերազմյան 2021 թվականի համեմատ 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող ռուսաստանցիների թիվն ավելացել է 22-ով, իսկ եթե համեմատենք 2005 թվականի հետ՝ ավելի քան 5 անգամ (+125 անուն)։

Դոլարային միլիարդատերերի ընդհանուր հարստությունը մեկ տարում աճել է 70,1 միլիարդ դոլարով, նախապատերազմյան 2021-ի համեմատ՝ 90,3 միլիարդ դոլարով, իսկ եթե համեմատենք 20 տարվա վաղեմության ցուցանիշների հետ՝ 590 միլիարդ դոլարով կամ 553%-ով։

Այս պահի դրությամբ ամենահարուստ ռուսաստանցիները տիրապետում են 52,2 տրիլիոն ռուբլու ակտիվների՝ գումար, որը հավասար է ռուսական տնտեսության ծավալի 24%-ին (214 տրիլիոն ռուբլի)։ Նրանց համախառն կարողությունը գրեթե հավասարվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներին (770 միլիարդ դոլար), մեկ քառորդով գերազանցել է դաշնային բյուջեի չափը (41 տրիլիոն ռուբլի) և ավելի քան կրկնակի գերազանցել Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների տարեկան բյուջեները միասին վերցրած (24,1 տրիլիոն ռուբլի)։