«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը դիմելու է Գլխավոր դատախազություն` ե’ւ քննչին, ե’ւ դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լրագրողը` հավելելով, որ երկու օր առաջ դատարանից ստացել է իր` փետրվարի 3-ին կալանավորելու մասին որոշումը: «Այդ որոշումը մենք գնահատում ենք ակնհայտ ապօրինի եւ պետք է դիմենք եւ ընթացք տանք»,- ասաց նա` հավելելով, որ այդ փաստաթղթերը իրավաբանի մոտ են:
Հիշեցնենք, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վրաերթ տեղի չի ունեցել:
Երեկ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունից նա ազատ է արձակվել։




























