«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցը Լոռու մարզ շարունակվում է։ Բնակիչների հետ հերթական հանդիպումը տեղի է ունեցել Ջրաշեն գյուղում, որտեղ շեշտը դրվել է բնակչության հետ ուղիղ և բաց երկխոսության վրա։
Հանդիպումը սկսվել է տեղի բնակիչներից մեկի անսովոր նախաձեռնությամբ, որը ներկաներին առաջարկել է մասնակցել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի խորհրդանշական կառուցմանը։ Նա հայտնել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է բարձրանալ գագաթ, ներդրում ունենալ՝ քար դնելով, և ստանալ մասնակցի հավաստագիր։
Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է, որ մարզային այցերը նպատակ ունեն նախևառաջ ուղիղ երկխոսություն հաստատել քաղաքացիների հետ։ Ըստ նրա, կուսակցության ծրագիրը ձևավորվել է տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ և հասարակության կարծիքը հաշվի առնելով։
«Հարգելի՛, սիրելի՛ ժողովուրդ, ես եկել եմ ձեզ հետ խոսելու: Բարև ձեզ, եղբայրներ, բարև ձեզ: Ես ուզում եմ լսել ձեր հիմնական խնդիրները, դարդն ու ցավը, դժվարությունները: Ես չեմ ուզում, որ 10 հազար կամ 5 հազար մարդ հավաքվի, մի քանի նախադասություն ասենք ու գնանք: Ես ուզում եմ լսել: Ես շփվում եմ բոլորի հետ՝ ոչ թե վերևից ներքև եմ նայում, այլ հանդիպում եմ բանվորի, գյուղացու, քաղաքացու, ծառայողի, նկարչի, դասախոսի, բժշկի, ուսուցչի հետ: Ես բոլոր խնդիրները գիտեմ, օդից չեմ խոսում»,- ասել է նա:
Ջրաշենի բնակիչները բացահայտ խոսել են այն դժվարությունների մասին, որոնց բախվում են ամեն օր։ Նրանք տեղեկացրել են, որ գյուղում բացակայում է տարրական ենթակառուցվածքը՝ չկան ճանապարհներ, ոռոգման ջրանցքներ, սանիտարական պայմաններ, մանկապարտեզ և մշակութային կենտրոն։ Մարդիկ ընդգծում են, որ չնայած հարկեր են վճարում, սակայն օգնության համար դիմելիս բախվում են պետական աջակցության ծրագրերի բացակայությանը։
Պատասխանելով այս հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Ես լիովին հասկանում եմ: Խնդիրը սխալ նշանակումների մեջ է՝ սկսած նախարարներից վերջացրած համայնքի ղեկավարներով: Պետք են բանիմաց, արդյունավետ մարդիկ, որոնք տիրապետում են իրենց ոլորտին և կարող են խնդիրներ լուծել: Կապ չունի համայնքի ղեկավար է, թե պատգամավոր՝ պետք է կենսափորձ ունեցող մարդ, որն իր խոսքը գործի է վերածում»։
Քննարկման առանձին թեմա է դարձել զբաղվածությունը։ Բնակիչները շեշտում են, որ ուզում են աշխատել, այլ ոչ թե կախված լինել օգնությունից, ունենալ սեփական գործը և արժանապատիվ ապրել։ Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է. «Մեզ պետք են պետական երկու խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք աշխատատեղեր կստեղծեն։ Մենք կարող ենք համագործակցել Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Չինաստանը չքավորության մեջ էր, մարդիկ չէին կարողանում մեկից ավելի երեխա ունենալ, սոված էին, բայց այսօր զարգացրին գիտությունն ու տեխնոլոգիան և դարձան առաջինն աշխարհում»։
Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև հարկային բեռի և տուգանքների հարցերը։ Բնակիչների վկայությամբ, գոյություն ունեցող պայմանները դառնում են ծանր լուծ։ Այս համատեքստում հիշատակվել է նաև Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ «Հիշո՞ւմ եք՝ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը. ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ: Գույքահարկը 100%-ով ավելացել է, հետո տարեկան 20-ական տոկոսով էլի 60%: Գոնե կանգ առեք, մարդկանց ժամանակ տվեք սովորեն այդ բեռին, հետո կամաց-կամաց ավելացրեք»,- հիշեցրել է Ծառուկյանը։
Անդրադարձ է կատարվել նաև արտագաղթին և կադրային քաղաքականությանը։ «Ես ուզում եմ ապրել այս երկրում, ոչ թե ստիպված լինել լքել այն։ Պետք են պաշտոնների ճիշտ նշանակումներ՝ ոչ թե կուսակցական սկզբունքով, այլ մարդիկ, որոնք կարող են աշխատել։ Կրթված մարդկանց մեծ մասը՝ 70-100%-ը, գնացել է արտասահման»,- հայտարարել է Ջրաշենի բնակչուհիներից մեկը։
Գյուղատնտեսությունը մնում է Ջրաշենի տնտեսության հիմքը։ Տեղացիները հիմնականում կարտոֆիլ և կաղամբ են մշակում, սակայն խնդիրներ ունեն իրացման հետ։ Պահպանման պայմանների բացակայությունը ստիպում է բերքը վաճառել ցածր գներով անմիջապես հավաքից հետո։
Մեկնաբանելով սա՝ Գագիկ Ծառուկյանը նշել է. «Գյուղում պետք է գոնե մթերման պահեստ ստեղծել: Ես առաջինը Վարդենիսում ստեղծեցի 20 հազար տոննանոց սառնարան և ասացի, որ սա պետք է աշխատի ամբողջ Հայաստանով, որ բոլոր մարզերում, որտեղ կարտոֆիլ, կաղամբ ես աճեցնում, կարողանաս պահել: Ես կարտոֆիլը 150 դրամով առնում եմ, առաջին օրը տանում լցնում եմ: Դեկտեմբերին, հունվարին, փետրվարին 250-300 դրամով կծախվի: Ինքը կրկնակի եկամուտ կունենա: Ինչքան սառնարան կառուցես, աշխատելու է»։
Այցը Ջրաշեն մարզային հանդիպումների շարքի մի մասն էր, որի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը շարունակում է անմիջական շփումը քաղաքացիների հետ՝ հավաքագրելով առաջարկներ և արձանագրելով առանցքային խնդիրները հետագա քաղաքական օրակարգի համար։
Այցի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նաև մարտարվեստի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բացարձակ չեմպիոն, գերթեթև քաշային կարգում ռեկորդակիր Ռուբիկ Ավդալյանին։ Մարզիկը, որը ծնունդով հենց այդ գյուղից է, զբաղվում է նաև տեղի երեխաների մարզումներով և պատրաստվում է մասնակցել առաջիկա աշխարհի առաջնությանը։
Բնակիչները հպարտությամբ նշել են. «Պարո՛ն Ծառուկյան, մեր գյուղից Եվրոպայի չեմպիոն ունենք։ Եվրոպայի չեմպիոնը մայիսի 14-ին մասնակցելու է աշխարհի առաջնությանը»։
Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է երիտասարդությանն աջակցելու կարևորությունը. «Այո՛, ընկերներ, մենք ասում ենք, որ պետք է առողջ երիտասարդություն, առողջ ապագա, առողջ սերունդ, արժանի հետնորդներ: Երիտասարդությունը պետք է բոլորիս կողմից աջակցություն ստանա, որպեսզի առողջ սերունդ ստեղծվի: Եթե կա առողջ սերունդ, կա առողջ ապագա: Կարևորը մեդալով վերադառնալն է, մեր ժողովրդին ուրախացնելը: Հայր ու որդի՝ պատերազմի մասնակիցներ են, մեր...»։
Այնուհետև Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհել հանուն Հայրենիքի ընկած ջրաշենցի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Հանդիպումից հետո բնակիչները կիսվել են իրենց տպավորություններով.
«Ամեն անգամ հանդիպումների ժամանակ կա մի զգացում, որն ավելի է ամրապնդում վստահությունն այդ մարդու հանդեպ»։
«Հիմիկվա ղեկավարները գլուխները կախել են, իսկ այս տղամարդը կյանքում գլուխը կախ չի պահել։ Ժողովրդի հետ իր շփումը առանց կեղծիքի է, անմիջական, պարզ։ Ժողովրդի մարդ է, ժողովրդին հասկանում է։ Շատ լավություններ է արել, չի պարծենում, ցույց չի տալիս։ Ընդհակառակը՝ ժողովրդից չի վերցնում, այլ ժողովրդին է բերում»։
«Լավ մարդ է, իր խոսքի տերն է, ժողովրդին առաջ է տանում, գործարաններ է ստեղծում։ Ասում է՝ թող իմ հայ ժողովուրդը գործարաններում աշխատի, իր հայրենիքի համար, ինքը լավն է։ Շատ բան է արել հայ ժողովրդի համար»։
Առանձնահատուկ կերպով բնակիչները նշել են նաև արձանի կառուցման նախագծի խորհրդանշական նշանակությունը. «Հիսուսի արձանը՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա ազգ, մեզ համար պատիվ է։ Որպես հայ՝ ես հպարտ եմ, որ ինքը հայ է և իր խոսքի տերն է։ Ազգին նվիրված մարդ է, իր թասիբն ունի։ Անկախ նրանից՝ վարչապետ կլինի, թե չէ, ինքը մեր Ծառուկյանն է։ Հայ ժողովուրդը իրեն սիրում է, ինքը աշխարհով մեկ ճանաչված է»։





























