Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին բացել են «Գյուրբուլաք» անցակետը, ինչը, ինչպես ակնկալվում է, զգալիորեն կամրապնդի երկկողմ տնտեսական համագործակցությունն ու տարանցիկ ներուժը. հայտնում է Mehr-ը։

Իրանի հետ ընդհանուր սահմանի թուրքական կողմում գտնվող «Գյուրբուլաք» անցակետը պաշտոնապես բացվել է ուրբաթ օրը՝ հարևան երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ:

Բացման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռեզա Ռահմանիի, Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլատի և մի շարք իրանցի ու թուրք պաշտոնյաների մասնակցությամբ։

Պաշտոնյաները հայտարարել են, որ «Գյուրբուլաք» մաքսային կետի բացումը կարևոր դեր կխաղա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։

Նոր անցակետը գտնվում է «Բազարգան» մաքսային տերմինալի դիմաց և համարվում է Իրանի կարևորագույն տարանցիկ կետերից մեկը։ Այս սահմանային անցակետով տարեկան անցնում է շուրջ 200,000 տարանցիկ բեռնատար։