Hikvision-ը «տեսնում» ու «լսում» է գործնականում ամեն ինչ և ամենուր՝ ռենտգենյանից մինչև ինֆրակարմիր ճառագայթում, և անդրաձայնից մինչև ենթաձայնային տիրույթ։ Ջրի տակ, երկրի ընդերքում ու մակերևույթին։ Վայրի կենդանիների միջավայրում, արդյունաբերական օբյեկտներում, գիտական լաբորատորիաներում և մեր տների պահպանության գործում։ Ծայրահեղ ջերմաստիճանային պայմաններում, որտեղ մարդն ուղղակի չի կարող գոյատևել, Hikvision-ը դառնում է մեր «աչքերն» ու «ականջները» հենց այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։

Այս տեխնոլոգիական ընկերության տեսախցիկներն ու այլ սարքավորումներն այսօր կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած կետում։ Hikvision-ի լուծումներն այժմ կիրառվում են տարբեր ոլորտներում՝ անվտանգության մակարդակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության ՇՀԿ չինական կոմիտեի կողմից կազմակերպված մեդիատուրի շրջանակում  NEWS.am-ի թղթակիցն այցելել է ընկերության գրասենյակ։ Այնտեղ լրագրողներին ցուցադրել ու պատմել են, թե ինչպես և ինչ ուղղությամբ է այսօր աշխատում Hikvision-ը։ Հիմնական շեշտադրումը AIoT-ն է (իրերի արհեստական բանականություն)։ Դրա օգնությամբ ընկերության սարքավորումները ոչ միայն «տեսնում» ու «լսում» են, այլև լավ գործիք են ծառայում մարդու կողմից որոշումների կայացմանը աջակցելու համար։

Hikvision տեխնոլոգիական ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Այն մասնագիտացած է տեխնոլոգիական նորարարությունների, արհեստական բանականության և մեծ տվյալների կիրառման ոլորտներում՝ ամենատարբեր բնագավառների համար։

2019 թվականին Hikvision-ի արհեստական բանականության բաց հարթակը Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացել է արհեստական բանականության ոլորտում նորարարությունների և ձեռներեցության ազգային հարթակի կարգավիճակ։

2025 թվականին Hikvision ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Guanlan արհեստական բանականության լայնածավալ մոդելները, որոնք համադրում են ոլորտային խորը գիտելիքները մուլտիմոդալ վերլուծության առաջադեմ տեխնոլոգիայի հետ։ Սա թույլ է տալիս ստանալ համապարփակ տվյալներ, որոնք անհրաժեշտ են իրական պայմաններում գործառնական բարդ խնդիրների լուծման համար։

«ԱԲ + տեսանյութ» տեխնոլոգիան հիմնված է «Գուանլան» մեծ մոդելի վրա։ Այն ապահովում է այնպիսի գործընթացների խելացի մոնիթորինգ, ինչպիսիք են շինհրապարակներում փոշու առաջացումը, ծղոտի այրումը, հողի և թափոնների տեղափոխման հերմետիկությունը, սև ծխի արտանետումներն ու կեղտաջրերի հեռացման վերահսկողությունը։

Միկրոֆոնների համակարգի և տեսախցիկների համադրությամբ՝ «ԱԲ + ձայնային ալիքներ» տեխնոլոգիան իրականացնում է ձայնի վիզուալիզացում և ձայնի աղբյուրի տեսողական հետագծում՝ օգտագործելով տեղորոշման հատուկ ալգորիթմներ։

Ըստ ընկերության պարզաբանման՝ արտադրական անսարքությունները հաճախ հնարավոր է լինում որոշել հենց լսողությամբ։ Օրինակ՝ փորձառու ինժեները կարող է միայն ձայնով հասկանալ, որ տրանսֆորմատորը գերբեռնված է։ Սակայն մարդն ի վիճակի չէ անդադար՝ շուրջօրյա վերահսկողություն իրականացնել։ Բացի այդ, խնդիրը ճիշտ ախտորոշելու համար հսկայական փորձ է պահանջվում։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս հայտնաբերել խնդիրներն իրական ժամանակում՝ զգալիորեն նվազեցնելով հնարավոր ռիսկերը։

Ընկերությունը զբաղվում է նաև քրոմատոգրաֆիկ և մաս-սպեկտրոմետրիկ տեխնոլոգիաների զարգացմամբ՝ թողարկելով մի շարք արտադրատեսակներ, այդ թվում՝ քրոմատոգրաֆներ, մաս-սպեկտրոմետրեր և մանրադիտակներ։

Այսօր Hikvision-ը դասվում է անվտանգության համակարգեր արտադրող համաշխարհային առաջատարների եռյակին:

image (2).jpg (108 KB)

image (3).jpg (122 KB)

image (4).jpg (125 KB)