Տուապսեում որոշվել է տարհանում սկսել նավթավերամշակման գործարանում (ՆՎԳ) բռնկված հրդեհի պատճառով։ Հրդեհն առաջացել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ «Կոշկինի, Պուշկինի փողոցների և հարակից նրբանցքների հարգելի՛ բնակիչներ, կրակի տարածման վտանգով պայմանավորված՝ Տուապսեի մունիցիպալ շրջանի վարչակազմը խնդրում է ձեզ տարհանվել», — գրել է քաղաքապետ Սերգեյ Բոյկոն։ Նրա խոսքով՝ մարդկանց ավտոբուսներով կտեղափոխեն ժամանակավոր կացարան, որը պատրաստվել է տեղի թիվ 6 դպրոցի բազայի վրա։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը նույնպես հորդորել է Տուապսեի բնակիչներին տարհանվել՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Նա հայտնել է նավթավերամշակման գործարանում բռնկված «մասշտաբային հրդեհի» մասին՝ հստակեցնելով, որ կրակի դեմ պայքարում են 164 փրկարար և 46 միավոր տեխնիկա, հավելելով, որ ուժերի քանակը կավելացվի։ Ուկրաինական անօդաչուները Տուապսեի գործարանի վրա հարձակվել են ապրիլի 28-ի գիշերը։ Ըստ իշխանությունների տվյալների՝ տուժածներ չկան։ Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում նույն գործարանի ուղղությամբ իրականացված արդեն երրորդ հարվածն է. նախորդները տեղի են ունեցել ապրիլի 16-ին և 20-ին՝ հանգեցնելով բնապահպանական աղետի։ Օրեր շարունակվող հրդեհի հետևանքով օդում վնասակար նյութերի կոնցենտրացիան մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի նորման, քաղաքում տեղացել է «նավթային անձրև», բացի այդ՝ նավթամթերքի արտահոսք է տեղի ունեցել դեպի գետը և Սև ծով։ Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ հարձակումների հետևանքով ոչնչացվել է 24 պահեստարան, ևս չորսը՝ վնասվել։ Գործարանը պատկանում է «Ռոսնեֆտ» ընկերությանը և դասվում է երկրի տասը խոշորագույն ձեռնարկությունների շարքին։





























