Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ուղիղ եթերում ներողություն է խնդրել բլոգեր Վիկտորյա Բոնյայից՝ վերջինիս կոչից հետո հնչեցրած վիրավորանքի համար։
«Նախ՝ դուք հիանալի տեսք ունեք։ Երկրորդ՝ այո, իհարկե, ես պետք է ներողություն խնդրեմ։ Դուք միանգամայն իրավացի եք։ Իհարկե, ես չափազանց էմոցիոնալ էի, և անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներով եմ այդպես խոսել՝ ես պետք է շատ ավելի խիստ լինեի ուղիղ եթերով հնչեցված իմ խոսքերի նկատմամբ»,- ասել է Սոլովյովը «Պոլնի կոնտակտ» հաղորդման շրջանակում Բոնյայի հետ եթերի ժամանակ։
Սոլովյովը հավելել է, որ «բավականին տարօրինակ է» իրեն «երկրի գլխավոր կնատյացների» շարքին դասելը, քանի որ իր եթերներին մեծ թվով կանայք են մասնակցում, իսկ «կնատյացների 70%-ը հենց կանայք են»։ Նրա խոսքով՝ Վիկտորյա Բոնյան «շատ ավելի շատ» է տուժել այն մարդկանց ատելությունից, ովքեր ձևանում են, թե իր ընկերներն են։ Կոնկրետ անուններ նա չի նշել։
Սոլովյովի արձագանքը, ինչպես ինքն է նշել, կապված է եղել ոչ թե բուն Բոնյայի ելույթի, այլ այն փաստի հետ, որ իրեն «նկատել են նման մակարդակում»։ Նրա խոսքով՝ իր «կատաղությունը» առաջացրել են Բոնյայի այն խոսքերը, թե Վլադիմիր Պուտինից վախենում են, քանի որ այդ միտքը որսացել են արևմտյան լրատվամիջոցները։ Ռուս ժողովուրդը սիրում է Պուտինին, այլ ոչ թե վախենում նրանից, հայտարարել է Սոլովյովը։
«Ուրախ եմ, որ դուք ներողություն խնդրեցիք»,- ասել է Բոնյան։
Ապրիլի 14-ին Վիկտորյա Բոնյան մի ուղերձ էր հրապարակել «ժողովրդի անունից», որը նա հասցեագրվել էր Պուտինին։ Նա թվարկել էր հինգ խնդիր, որոնց մասին «ոչ մի նահանգապետ չի ասի», և հայտարարել էր, որ մարդիկ վախենում են Պուտինից, բայց ինքը՝ ոչ։ Կրեմլից արձագանքել էին, որ Բոնյայի բարձրացրած թեմաների շուրջ «աշխատանք է տարվում»։ Դրանից հետո բլոգերը, արցունքն աչքերին, շնորհակալություն էր հայտնել Պուտինին և Պեսկովին՝ իր ուղերձը դիտելու համար։
Այն բանից հետո, երբ Բոնյայի դիմումը սկսել է ակտիվորեն քննարկվել, Վլադիմիր Սոլովյովն իր երեկոյան շոուի եթերում նրան անվանել էր «փողոցային պոռնիկ»՝ հավելելով, թե նա իրավունք չունի «բացել իր կեղտոտ բերանն ու աղտոտել տարածությունը»։ Վիրավորանքներին միացել էր նաև պատգամավոր Վիտալի Միլոնովը՝ Բոնյային անվանելով «տգետ բլոգեր» և «էսկորտ-աղջիկ»։ Սոցցանցերի օգտատերերը զանգվածաբար քննադատել էին Սոլովյովին վիրավորանքների համար, իսկ բլոգերն ինքը հրապարակել էր արհեստական բանականությամբ ստեղծված մի հոլովակ, որտեղ Սարդ-մարդու կերպարով պայքարում է Սոլովյովի, Միլոնովի և Արտեմի Լեբեդևի դեմ, ով նույնպես վատ էր արձագանքել աղջկա հասցեին։





























