Այս տարվա ձգձգվող և ցուրտ գարունը կարող է հանգեցնել Ռուսաստանում բերքատվության նվազման, քանի որ որոշ տարածաշրջաններում ցանքսի արշավն արդեն մի քանի շաբաթով ուշանում է։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են ագրարային ոլորտի ներկայացուցիչները։ Տուլայի մարզի Ռուսաստանի գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կոոպերատիվների ասոցիացիայի (ՌԳՏԳԿԱ) ղեկավար Եվգենի Պոդշեբյակինի խոսքով՝ ցանքսը սկսելուն խոչընդոտում են դրական ջերմաստիճանի բացակայությունը, ինչպես նաև հողի բարձր խոնավությունը, ինչի պատճառով էլ տվյալ պահին դաշտերում աշխատելն անհնար է։ Նա հավելել է, որ ապագա բերքի համար ռիսկային է նաև եղանակի կտրուկ տաքացումը. այդ դեպքում հողը կարող է չորանալ, և ուշացած ցանքսը կլինի անարդյունավետ։

«Նմանատիպ անբարենպաստ պայմաններով վերջին գարունը (երբ ապրիլին ձյուն էր գալիս), եղել է 1987 թվականին, այսինքն՝ 39 տարի առաջ։ Այժմ դժվարություններ կան Կենտրոնական Ռուսաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններում և նույնիսկ Պովոլժիեում»,- ասում է վորոնեժցի ֆերմեր Նիկիտա Տոկմակովը։ Նա հավելել է, որ ֆերմերներն արդեն չեն հասցնում ցանել վաղ գարնանացան մշակաբույսերը՝ գարին, ոլոռը և ցորենը, ուստի լավ եղանակների գալուն պես պետք է ընտրություն կատարեն՝ ցանել դրա՞նք, թե՞ կենտրոնանալ ուշ գարնանացանների վրա, ինչպիսիք են եգիպտացորենը, արևածաղիկը և սոյան։ Կարտոֆիլի միության գործադիր տնօրեն Ալեքսեյ Կրասիլնիկովը նույնպես նշել է կարտոֆիլի տնկման հետ կապված խնդիրները, որի համար հողի ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 8 աստիճան։ Գյուղատնտեսության նախարարությունն ընդունում է ցանքսի մեկնարկի հետ կապված դժվարությունները. գարնանացանն իրականացվել է մոտ 4 միլիոն հեկտար տարածքի վրա (նախատեսված 56 միլիոնից)։ Ընդհանուր առմամբ, տարբեր մշակաբույսերով պետք է մշակվի 83 միլիոն հեկտար տարածություն։

«Վատ եղանակի պատճառով ուշացումներն առայժմ լուրջ է։ Սակայն դրանում սարսափելի ոչինչ չկա, քանի որ գյուղատնտեսական սեզոնները տարբեր են լինում», — ասել է գերատեսչության ղեկավար Օքսանա Լուտը։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է կանխատեսումներ անել ապագա բերքի վերաբերյալ։ Գյուղատնտեսության փոխնախարար Լեոնիդ Խոլոդը նշել է, որ ցանքսի ներկայիս տեմպերը երկու անգամ ցածր են նախորդ տարվա համեմատ։ «Ժողովրդական ֆերմեր» ասոցիացիայում ստեղծված իրավիճակն անվանել են «աշխատանքային»։ Կազմակերպության տնօրեն Ստանիսլավ Սանկեևի խոսքով՝ բերքի հետ կապված խնդիրների մասին խոսելը դեռևս վաղաժամ է, քանի որ վերջնական արդյունքը կախված կլինի ամբողջ սեզոնից, այդ թվում՝ ջերմաստիճանից, տեղումներից, բույսերի զարգացումից և ցանքատարածությունների խնամքի որակից։

Միևնույն ժամանակ, «ԻԿԱՐ» (Ագրարային շուկայի հետազոտությունների ինստիտուտ) գործակալությունն արդեն իսկ նվազեցրել է 2026 թվականի Ռուսաստանի ցորենի բերքի կանխատեսումը՝ 91-ից հասցնելով 90 միլիոն տոննայի։ 2026-27 թվականների սեզոնի արտահանման ներուժը նույնպես կրճատվել է՝ 47,5-ից դառնալով 46,5 միլիոն տոննա։