Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և նրա «Ֆիդես» կուսակցությանը մոտ կանգնած գործարարներն ու պաշտոնյաները, ընտրություններում կրած պարտությունից հետո, սկսել են ակտիվները դուրս բերել արտերկիր։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ նրանք փորձում են նախապես պաշտպանել իրենց կարողությունը իշխանափոխությունից հետո հնարավոր հետաքննություններից։ «Օրբանի հետ կապված օլիգարխները տասնյակ միլիարդավոր ֆորինտներ են փոխանցում ԱՄԷ, ԱՄՆ, Ուրուգվայ և հեռավոր այլ երկրներ»,- սոցցանցերում գրել է Մադյարը։ Նա նաև կոչ է արել իրավապահ մարմիններին թույլ չտալ գործերով անցնող անձանց լքել երկիրը։

Մադյարի խոսքով՝ Օրբանի մտերիմ ընկերներից մեկի՝ Լերինց Մեսարոշի ընտանիքը կարող է լքել Հունգարիան։ Մեսարոշը Օրբանի կառավարման տարիներին դարձել է երկրի ամենահարուստ մարդը՝ մեծամասամբ պետական պատվերների շնորհիվ։ Մադյարը նաև պնդում է, որ օլիգարխների մի քանի ընտանիքներ արդեն հեռացել են երկրից։ Նրանք իրենց երեխաների հանել են դպրոցներից և թիկնազոր ստեղծել՝ տեղափոխության համար։

Ակտիվների հնարավոր դուրսբերման մասին ավելի վաղ հայտնել էին հունգարական Vsquare և 444.hu պորտալները։ Վերջինս դեռ մարտին գրում էր, որ Օրբանի հետ կապված անձինք ակտիվները տեղափոխում են Դուբայ։ Ըստ պարբերականների վարկածի՝ գործարարները ցանկանում են պաշտպանել գույքն այն դեպքի համար, եթե նոր կառավարությունը փորձի սառեցնել, բռնագանձել կամ ազգայնացնել այն։

Ընտրություններից հետո Մադյարը բազմիցս խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ։ Նրա կարծիքով՝ կոռուպցիան ծաղկում է ապրել հենց «Ֆիդես» կուսակցության կառավարման տարիներին։ Նա նաև պնդել է, որ իշխանության վերջին շաբաթների ընթացքում նախարարություններում և կուսակցության հետ կապված կառույցներում փաստաթղթեր են ոչնչացվում։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այս հայտարարություններն անվանել է «հիմարություն»։ Նախարարությունից պարզաբանել են, որ խոսքը վերաբերում է միայն այն փաստաթղթերի անպետք թղթային պատճենների ուտիլիզացմանը, որոնք առկա են էլեկտրոնային տարբերակով։

Ինքը՝ Օրբանը, շաբաթ օրը հայտարարել է, որ չի զբաղեցնելու պատգամավորական աթոռը, սակայն մտադիր է մնալ «Ֆիդես»-ի առաջնորդ և գլխավորել կուսակցության «վերափոխման» գործընթացը։ The Guardian-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից անմիջապես հետո նա կարող է մեկնել ԱՄՆ և այնտեղ անցկացնել մի քանի շաբաթ։ Թերթի զրուցակիցը պնդում է, որ ուղևորությունը ծրագրված է եղել դեռևս մինչև ապրիլի 12-ի ընտրությունները։ Օրբանի ավագ դուստրն ու փեսան Նյու Յորք են տեղափոխվել դեռ անցյալ ամռանը։

Վաշինգտոնում և «Ֆիդես»-ի ներսում The Guardian-ի աղբյուրների համաձայն՝ կուսակցության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ ԱՄՆ աշխատանքային վիզայի հայտեր են ներկայացնում և ակնկալում են աշխատանք գտնել Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած կառույցներում։ Աղբյուրը հավելել է, որ Օրբանի և «Ֆիդես»-ի տարիների լոբբիստական աշխատանքը հունգարացի պաշտոնյաներին թույլ է տվել կոնտակտների լայն ցանց ստեղծել Դոնալդ Թրամփի MAGA շարժման ներսում։