Մոտ ժամանակներս մենք կա՛մ հստակ աջակցություն կհայտնենք մեկ կոնկրետ ուժի, կա՛մ ընդհանուր առմամբ այն ընդդիմադիր ուժերին, որոնք հնարավորություն ունեն հաղթահարելու անցողիկ շեմը՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով իշխանափոխության համար»։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» ընդդիմադիր շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա հայտնել է, որ շարժումն իր առաքելությունն իրականացնելու է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Սողոմոնյանը պարզաբանել է, որ գլխավոր խնդիրը գործող վարչակարգի հեռացումն է իշխանությունից՝ հավաստիացնելով, որ շարժման անդամներն անելու են հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար։

Ընդդիմադիր գործիչը հավելել է, որ «Հայաքվե»-ն ակտիվորեն աշխատելու է բարձր մասնակցություն ապահովելու ուղղությամբ՝ կոչ անելով բնակչությանը մասնակցել ընտրություններին և վստահված անձի տեսքով հանդես գալ քվեարկության օրը։ Սողոմոնյանն ընդգծել է, որ այդ ամենի նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում։

«Նա անում է ամեն ինչ, որպեսզի ընտրություններին մասնակցությունը լինի առավելագույնս ցածր, ինչը կարող է մեծացնել իր շանսերը։ Նա դիմում է ամեն քայլի, այդ թվում՝ անօրինական գործողությունների․ նա բնակչությանը պահում է պատերազմի վախի մեջ, որ ինքը վերարտադրվի։ Սա բացահայտ սուտ է և տեղեկատվական ահաբեկչություն։ Նա քանդում է ընտրությունների ինստիտուտը՝ որոշելով, թե ով պետք է գա ընտրության, իսկ ով՝ ոչ, քրեական գործեր հարուցելով քաղաքական ընդդիմախոսների դեմ և անհավասար պայմաններ ստեղծելով ընտրություններում», - նշել է Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ «Առանց Փաշինյանի Հայաստան չկա» կարգախոսը նույնպես հաստատում է, որ վերջինս երկիրը տանում է դեպի տոտալիտարիզմ։