«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությանը նոյեմբերի 26-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը սկսել է գործի նյութերի ուսումնասիրումը:

Մինչ այդ պիտի ցուցմունք տար Նիկոլ Փաշինյանը, բայց նա հայտարարել է, թե չի կարող ցուցմունք տալ, քանի որ նախորդ նիստում իր խնդրանքը՝ ցուցմունքին պատրաստվելու համար իրեն համակարգիչ տրամադրել, այդպես էլ չի բավարարվել: Փաշինյանը խոստացել է ցուցմունք տալ, երբ բավարարվի խնդրանքը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին առաջարկել է անցնել քր.գործի նյութերի հետազոտմանը: Ի դեպ, նյութերում բավական ուշագրավ ձեւակերպումներ են եղել: Օրինակ, 2008թ. մարտի 7-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մի հրահանգ է ստորագրել՝ պահանջելով բացահայտել «զանգվածային անկարգությունների, մասնակիցների, Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող քաղաքացիների եւ քաղաքացիական հագուստով զինված անձանց ինքնությունը»: Պաշտպանական կողմը հայտարարել է, թե իշխանությունները նախապես գիտեին վերջիններիս մասին, եւ որ նրանք որեւէ կապ չեն ունեցել ընդդիմության հետ:

Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել, որից հետո շարունակելու է նյութերի հետազոտությունը:

Ի դեպ, դատարանի շենքի առջեւ հավաքվածների մեջ աչքի էին ընկնում մի քանի տասնյակ երիտասարդներ՝ Նիկոլի դիմանկարով դիմակներով, որոնք վանկարկում էին. «Մենք բոլորս Նիկոլ ենք»: