Թուրքիայում վերջին երեք օրում խոզի գրիպից մահացել է 49 հոգի։ Այս մասին հայտնում է այդ երկրի առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, Թուրքիայում խոզի գրիպից մահացածների թիվը հասավ 161-ի։ Հիվանդանոցներում գտնվում են խոզի գրիպով հիվանդ 243 հոգի, որոնցից 70-ը գտնվում են ծանր վիճակում։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում խոզի գրիպի վարակը տարածվել է տարբեր ոլորտների հաստատություններում։

«Էրգենեկոնի» գործով անցնող կասկածյալներին պահող բանտի հսկիչներից մոտ 50 հոգի վարակվել էին խոզի գրիպով։

Խոզի գրիպով էին վարակվել թուրքական հայտնի ֆուտբոլային ակումբների խաղացողներ։

Թուրքական Hurriyet, Milliyet, Sabah թերթերի լրագրողների մոտ նույնպես ախտորոշվել էր խոզի գրիպ։

Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել էր, որ իր երկու երեխաները նույնպես վարակվել են խոզի գրիպով։