Հայաստանում 2009թ-ի համեմատ 2011թ-ին ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի թիվը  149-ով ավելացել է: Եթե 2009թ-ին ՀՀ-ում ինքնասպանության  եւ ինքնասպանության փորձի են դիմել 498 մարդ, ապա 2011թ-ին նրանց թիվը 647 է: Ավելին` ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դիմած քաղաքացիների գերակշռող մասը արական սեռի ներկայացուցիչներն են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում  է Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հայաստանում արձանագրված ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը հետեւյալ վիճակագրական պատկերը ունի.

2009թ.  Ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ  498 , որից 163-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

498-ից  ինքնասպանության են դիմել  197 մարդ

մինչեւ 17 տարեկան` 12

18-29 տարեկան` 38

30-65 տարեկան` 100

65 եւ ավելի` 47:

2009` ինքնասպանության փորձ, 301, որից 120-ը իգական սեռի ներկայացուցիչներ են.

մինչեւ 17 տարեկան` 19

18-29 տարեկան` 103

30-65 տարեկան` 148

65 եւ ավելի` 31

2011 թ. Ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ է կատարել  647 մարդ, որից 242-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

647 անձանցից  ինքնասպանության են դիմել 195-ը

մինչեւ 17 տարեկան` 9

18-29 տարեկան` 33

30-65 տարեկան` 108

65 եւ ավելի` 45

Ինքնասպանության փորձ  է կատարել 452 անձ

մինչեւ 17 տարեկան` 26

18-29 տարեկան` 162

30-65 տարեկան` 214

65 եւ ավելի` 50:

Ի դեպ, ինչպես նաեւ տեղեկանում ենք, որ ըստ սոցիալական կարգավիճակի եւ զբաղվածության, ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 56.7 տոկոսն արձանագրվել են գործազուրկների ու 16.5 տոկոսը` թոշակառուների խմբերում: Ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 27.7 տոկոսը կատարվել է սուր կտրող, ծակող կամ այլ գործիքով, 24.6 տոկոսը` դեղամիջոցների կամ այլ նյութի օգտագործման, 21.8 տոկոսը` կախվելու, 16.5 տոկոսը բարձրությունից նետվելու եւ 9.4 տոկոսը` այլ եղանակներով: Ինքնասպանության դեպքերի գերակշիռ մեծամասնությունը` շուրջ 60  տոկոսը կատարվել է կախվելու, 20 տոկոսը` բարձրությունից նետվելու եղանակով:Հարկ է նկատել, որ ըստ հոգեբանների ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի արական սեռի ներկայացուցիչները ավելի շատ են դիմում, քան կանայք, որովհետեւ կանանց կամային հատկանիշներն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ճարպկությունը ավելի մեծ է:Բացի այդ, կանայք ավելի շատ են կիսվում ի տարբերություն տղամարդկանց եւ խոսքի միջոցով դուրս են հանում իրենց ներքին անհանգստությունը, իսկ տղամարդիկ շատ ավելի ինքնամփոփ են, հետեւաբար դա է պատճառը, որ նրանք ավելի հաճախ են դիմում ինքնասպանության: Հետեւաբար, հոգեբանները խորհուրդ են տալիս կիսվել իրենց մտահոգող խնդիրներով դիմացինի հետ, քանի որ շատ հաճախ ներսից դուրս եկած խոսքը բուժիչ ազդեցություն է թողնում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2011թ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է 22 քրգործ: Այս մասին հայտնել էին Ոստիկանությունից` NEWS.am-ի հարցմանն ի պատասխան: Նրանց փոխանցմամբ` այդ հոդվածով 2010թ  հարուցվել էր 21 քրգործ: