Հայաստանի գլխավոր դատախազության հանձնարարությամբ, «Արայ» ընկերության մահացած սեփականատեր Արմեն Պետրոսյանի գործն այսուհետեւ կիրականացնի Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մինչ այս, Արմեն Պետրոսյանի մահվան գործով նախաքննությունն իրականացնում էր ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինը:

«Քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն կիրականացնի գլխավոր դատախազությունը: Նախաքննությունը կշարունակի հատկապես կարեւորագույն գործերով վարչությունը»,- նշեց Տռուզյանը, հավելելով, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ քննիչին է հանձնարարվելու գործի քննությունը:

Հարցին, թե ո՞րն է նման որոշման պատճառը, արդյոք դե՞ր է խաղացել «Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ մոր` Սերժ Սարգսյանին ուղղված նամակը, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Դա արվել է քրեական գործով առավել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու նպատակով: Գործի շահերից ելնելով դատախազությունն ավելի նպատակահարմար է գտել այն տեղափոխել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ մայրը` Կարինե Սուքիասյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին, որտեղ կասկածի տակ էր դրել Կոտայքի մարզի ոստիկանության քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օբյեկտիվությունը:

Բանն այն է, որ օրերս hetq.am-ը Արմեն Պետրոսյանի քրոջ կողմից ստացել էր մի ձայնասկավառակ, որտեղ առկա է Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանա Չադենկովայի եւ ինչ-որ Արթուրի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը: Պարբերականը նշել էր, որ նրանք պայմանավորվում են Արմեն Պետրոսյանին սպանելու մասին, սակայն քննությունը վարող Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Եղիշե Պետրոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ այդ խոսակցությունը վերաբերել է երեխայի առեւանգմանը: «Ես զարմանում եմ, թե ինչու են դրա տակ այլ ենթատեքստեր փնտրում: Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում»,-ասել էր քննիչը:

Հենց սա էլ առիթ էր դարձել, որ Արմեն Պետրոսյանի մայրը հանդես գա բաց նամակով, որում մի շարք հարցեր է բարձրացրել, մասնավորապես. «Ինչո՞ւ նախաքննության մարմինը քննություն չի տանում այն ուղղությամբ, թե Տատյանա Չադենկովան Հայաստանում Արմենիս մահվանը նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում ում հետ է կապի մեջ մտել, ում հետ է շփվել: Արդյոք ստուգվել է, թե քննիչը ընդհանրապես տիրապետում է համակարգչային գոնե նվազագույն գիտելիքների, գիտե, թե ինչ է սկայպը, համացանցը»:

Արմեն Պետրոսյանի մայրը նաեւ գրել էր. «Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը եւ չեմ ուզում անմեղ մարդկանց մեղադրել, բայց կարծում եմ անվիճելի է, որ քննիչը կամ առավել վատ` քննչական բաժնի պետը իրավունք չունի ասելու, որ կոնկրետ այլ բան չկա, դա երեխային առեւանգելու մասին է»: