Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը իր երախտագիտությունն է հայտնել Ռուսական ուղղափառ եկեղեցուն՝ Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Այդ մասին նա Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին հայտնել է Մոսկվայի Սուրբ Դանիելի մենաստանում։
Գարեգին II ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին պատրաստ է ապագայում եւս համագործակցել ռուսական եկեղեցու հետ՝ հանուն ողջ աշխարհի խաղաղության եւ տարածաշրջանի ցավոտ խնդիրների լուծման։
Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմել է պատրիարք Կիրիլին, նշելով, որ պատրիարքի պաշտոնը ստանձնելուց հետո Ռուսաստանի հասարակության բոլոր շերտերը նրանից մեծ հույսերն ու սպասումներ ունեն։ Նա պատրիարք Կիրիլին հայ ոսկերիչների պատրաստած պատրիաքական գավազան է նվիրել։
Իր հերթին պատրիարքը Կիրիլը հիշեցրել է, որ մոսկովյան պատրիարքարանին եւ Էջմիածնին կապում են երկար տարիների ընթացքում ձեռք բերած բարեկամական հարաբերությունները. «Չնայած քաղաքական կատակլիզմերին՝ Ռուսաստանն ու Հայաստանը միշտ հավատարիմ են եղել երկկողմ բարեկամությանը»,-ընդգծել է պատրիարք Կիրիլը։ Նա նաեւ նշել է, որ եւ ռուսական եւ հայկական եկեղեցիները անհրաժեշտ ուշադրություն են դարձնում ինչպես երկու երկրներում, այնպես էլ ողջ աշխարհում բնակվող ռուսական եւ հայկական համայնքներին։



























