Արտակարգ դրությունը մտցվում է այն դեպքում, երբ դրված է իմ երկրի լինել-չլինելու հարցը: Այդ մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով խորհրդարանում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը մեծ աղմուկ է բարձրացրել:
«Արտակարգ դրությունը մտցվում է այն ժամանակ, երբ ներքին կամ արտաքին վտանգ է սպառնում իմ երկրի գոյությունը: Որ ասեք, թե բանակն ինչի՞ համար է, եթե այս դեպքում էլ չեմ օգտագործելու, ես կհամաձայնեմ»,- նշեց նախարարը եւ հավելեց. «Արտակարգ դրության առաջացման պատճառները շատ կարող են լինել, 15 հոգանոց տարբեր տեղերում զինված խմբավորումներ, որոնց նպատակը երկրի ինքնիշխանության վերացումն է: Ես երկրի ոստիկանության ուժերով կարող եմ այդ խնդիրը լուծել: Ընդհանրապես արտակարգ դրություն չի լինի այդ դեպքում: Բայց եթե նրանք այնպիսի զենքերով զինված լինեն, որ ես պիտի ուղղաթիռ օգտագործեմ, ես օգտագործելու եմ, որովհետեւ իմ ներքին զորքերը չունեն ուղղաթիռ»:
Թովմասյանը պնդեց, թե զորքը երբեք դուրս չի գա ժողովրդի դեմ: «Ոչ միայն զորքը, այլեւ մի տեղամասային տեսուչ չի կարելի հանել ժողովրդի դեմ: Երբեք մի շփոթեք իշխանությունը պահելու վտանգը սահմանադրական կարգին սպառնացող վտանգի հետ: Իշխանությունը պահելուց շատ ավելի թանկ բան կա այս երկրում: Եվ թող չմտածեն ամբիոնից աջ նստածները (ընդդիմությունը նստում է ԱԺ դահլիճի աջ մասում-խմբ.), որ դա միայն իրենք են հասկանում»,- ազդարարեց Թովմասյանը:
Հարցին, թե ինչո՞ւ այսքան հապշտապ ներկայացվեց օրինագիծը, Թովմասյանն արձագանքեց. «Ես վստահ չեմ, արդյոք հաջորդ քառօրյա լինելո՞ւ է, թե` ոչ»:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը օրեր առաջ հետ էր կանչել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» աղմկահարույց օրինագիծը` լրամշակելու նպատակով, ընդամենը մեկ օրում լրամշակել եւ կրկին ներկայացրել խորհրդարանի դատին: Ազգային ժողովը փետրվարի 27-ին կայացած նիստում որոշում է կայացրել նախագիծը քննարկել արագացված ռեժիմով եւ ընդամենը 48 ժամում կազմակերպել օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ ընթերցումներն ու քվեարկությունները: Ընդդիմությունը պնդում է, որ օրենքը սահմանափակում է խորհրդարանի դերը եւ նպատակ է դրված բանակն օգտագործել ներքաղաքական գործընթացներում:




























