Երեւանում, այսօր` փետրվարի 28-ին, Հայաստանի եւ Նորվեգիայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրելով վերջին շրջանում քաղաքական երկխոսության կայուն դինամիկան՝ կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային եւ կրթական փոխանակումների ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նորվեգական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Նորվեգական կողմի խնդրանքով հայկական կողմը ներկայացրել է Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները եւ այդ կապակցությամբ արձանագրված դրական զարգացումները: Քննարկվել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:




























