Այն պահից, երբ ձեւավորվեց նոր կոալիցիոն իշխանությունը, տնտեսական աճը չի անցել երկու տոկոսը, էլ չենք խոսում 2009 թվականի 14 տոկոս տնտեսական անկման մասին: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը:

Խոսելով աղքատության էական հաղթահարման մասին` նա նշել է, որ դրա արդյունքում ապահովում են 11.2 տոկոսից ցածր ընդհանուր եւ 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ: «Այս պահին պաշտոնական տվյալներով աղքատության շեմը հասնում է 36 տոկոսի: Եվ սա այն դեպքում, երբ աղքատության շեմը կենասաապահովման նվազագույն զամբյուղից 3 անգամ պակաս է: Ուստի իրական են փորձագիտական այն թվերը, ըստ որոնց` աղքատության իրական ցուցանիշները գերազանցում են բնակչության 60 տոկոսը»,- ասել է նա` հավելելով, որ ներկայումս կենսաապահովման նվազագույն զամբյուղը կազմում է շուրջ 65000 դրամ, մինչդեռ միջին կենսաթոշակը դրանից երկու անգամ քիչ է:

«Կոալիցիոն իշխանություններ, դիմում եմ ձեզ: Այս պարտավորությունները լոկ մի մասն են ձեր չկատարած շատ այլ խոստումների...: Դուք սպառվել եք: Երկիրը կանգնեցրել եք պետականությունը կորցնելու վտանագավոր շեմին, ու այդ պատճառով օր առաջ պետք է հեռանաք իշխանությունից` դաշտը տրամադրելով իրական բարեփոխիչներին»,- նշել է նա: