Մեր երկրում ընտրելու իրավունք ունեցող 164368 հաշմանդամների իրավունքները պաշտպանող տարբեր հասարակական կազմակերպություններ, մասնավորապես «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» ՀԿ դաշինքը, հերթական անգամ ահազանգում են այն մասին, որ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը մոտալուտ ընտրություններին  վտանգված է տարբեր պատճառներով: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, ասել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը: Նա նշել է, որ ընտրական տեղամասերի 85%-ը անմատչելի է հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որովհետեւ դրանք, հիմնականում տեղավորված լինելով դպրոցներում, չունեն թեքահարթակներ, չլսող այն քաղաքացիների համար, ովքեր ընտրության ժամանակ չեն ընդունում ուրիշի միջամտությունը, որովհետեւ այդ դեպքում չի ապահովվում ընտրության գաղտնիությունը, նույնը` կույր քաղաքացիների դեպքում: 

«Այն  որոշումը, որով անվասայլակներով  քաղաքացիների ընտրությունն ապահովելու համար կայացրել է հանձնաժողովը, չի ապահովելու ընտրության գաղտնիությունը, կեղծիքների տեղիք է տալու»,- ասել է նա` հավելելով, որ  ըստ «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից իրականացված սոցիալական հարցումների` հատկապես տեղաշարժվելու սահմանափակումներ ունեցող քաղաքացիների համար տեղամասերի մատչելիությունն  ամենացածրն է Շիրակի եւ Արագածոտնի մարզերում:

Ամփոփելով` Անահիտ Բախշյանը հիշեցրել է, որ Հայաստանը 2010թ-ին վավերացրել  է «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որով ստանձնել է հաշմանդամների համար հավասար հնարավորությունների դաշտն ապահովելու բոլոր պարտավորությունները: «Միանալով հաշմանդամների ահազանգերին` «Ժառանգություն» կուսակցությունը իշխանություններից պահանջում է առավելագույնս ապահովել   հաշմանդամների  ընտրելու իրավունքի պատշաճ իրացումը»,- ասել է պատգամավորը: