Տավուշի մարզի Աչաջուր գյուղի խաղողի այգիներում այսօր` փետրվարի 28-ին, հրդեհ է բռնկվել, որի արդյունքում այրվել է շուրջ 2000քմ տարածք: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ հեռախոսազրույցում Աչաջուր համայնքի ղեկավար Համլետ Գեւորգյանը դժվարացավ ասել, թե որն է եղել այգիների հրկիզման իրական պատճառը, միայն նշեց, որ հրդեհը կարող էր առաջանալ ինչպես ծխախոտի մնացորդից, այնպես էլ` այլ պատճառներով: Ըստ գյուղապետի, նման դեպքեր գյուղում էլի են եղել, իսկ այգիների կրած վնասների հետ կապված նշեց. «Վաղը գյուղապետարանի գուղատնտեսը պետք է գնա այգի եւ ուսումնասիրի վնասի չափը, ինչպես նաեւ պարզի, թե արդյոք վնասված խաղողի վազերն այս տարի բերք կտա՞ն, թե` ոչ»:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:10-ի սահմաններում Տավուշի մարզային փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աչաջուր համայնքի խաղողի այգիներում հրդեհ է բռնկվել: Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 14:40-ին: Այրվել է Արշավիր եւ Սերյոժա Սաֆարյաններին, ինչպես նաեւ Օնիկ եւ Յուրիկ Քոքոբելյաններին պատկանող խաղողի այգիները:

Լուսանկարները`էդվարդ Արզումանյանի




























