Թեհրան-Երեւան չվերթի ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանումից քիչ առաջ օդաչուն ավիադիսպետչերին տեղեկացրել է տեխնիկական թերության մասին եւ վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել: Այդ մասին այսօր հայտնել է Սիրուս Զաբերին՝ իրանական Ղազվին քաղաքի փոխքաղաքապետը: Զաբերիի խոսքերով, հավանաբար, տեխնիկական թերությունը գտնելուց հետո օդաչուն փորձել է վայրէջք կատարել Թավրիզի կամ Զանջանի օդանավակայանում: Երբ նա հասկացել է, որ դա անհնարին է, փորձել է վերադառնալ Թեհրան: «Մենք միայն գիտենք, որ ինքնաթիռում խնդիրներ են ծագել թռիչքից 16 րոպե անց»,- հայտարարել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 6-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























